«Պետք է օգտվենք ստեղծված իրավիճակից»
Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովն օրերս ասել է, թե արդեն այս տարվա վերջին շահագործման կհանձնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գիծը, իսկ արդեն հաջորդ տարվանից կսկսվի դրա շահագործումը։
«Մենք պետք է ընդունենք, որ Ադրբեջանի կողմից այս ծրագրին միանալուց հետո Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը դարձավ տարածաշրջանային խոշոր ծարգիր: Ուզենք, թե չուզենք, բայց այն արդեն կատարված փաստ է»,-ստեղծված իրավիճակի մեկնաբանությամբ հայտարարություն է տարածել «Ջավախք» հիմնադրամի նախագահ Ստեփան Մարգարյանը,ով պատգամավորի թեկնածու է առաջադրվել ԲՀԿ համամասնական ցուցակով։
Ըստ նրա՝ այս ծրագրի իրականացումը ամբողջ տարածաշրջանի համար բավական լուրջ իրադարձություն է, որը փոխելու է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ամբողջ տրամաբանությունը. « Անշուշտ, վատ է, որ հանգույցը եղավ Վրաստանը եւ ոչ թե մենք, այսուհանդերձ, այս պայմաններում մենք պետք է կարողանանք օգուտ քաղել նաեւ ստեղծված իրավիճակից: Մենք պետք է այնպես մշակենք մեր ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների սխեմաները, որ առավելագույնս օգտվենք վերոհիշյալ երկաթուղագծից: Այն մեզ հնարավորություն է տալու մեր բեռներն այս երկաթգծով տեղափոխել եվրոպական ցանկացած երկիր եւ հակառակը»:
Ինչ վերաբերում է Կարս-Գյումրի առայժմ փակ երկաթգծին, ապա այն տնտեսական առումով եւս հսկայական նշանակություն ունի, բայց. «Ակնհայտ է, որ դրա վերաշահագործարկումը կախված է քաղաքական խնդիրների կարգավորումից: Որքան էլ տարօրինակ թվա, բայց մեծ է հավանականությունը, որ նորակառույց երկաթուղագծի շահագործումը եւս նպաստի Գյումրի-Կարս երկաթուղագծի վերաբացմանը»: