Իլիեւսկին մատնել է ֆուտբոլիստին
Պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ մեղադրվող Խրիստիան Իլիեւսկին, որը թաքնվում է իր պատմական հայրենիքում` Մակեդոնիայում, իտալական «Ռեպուբլիկա» թերթի լրագրողին տեղեկացրել է, որ իրենց մեքենայություններին մասնակցել է նաեւ Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջուզեպե Սինյորին:
«Մենք գնում էինք տեղեկատվությունը, որից հետո խաղադրույքներ էինք կատարում: Իմ վստահելի ֆուտբոլիստները զանգահարում եւ ասում էին, որ գումարներ դնեմ այս կամ այն խաղի վերջնական արդյունքի վրա, եւ ես այդպես էի վարվում, քանի որ լիովին վստահում էի նրանց»,- խոստովանել է նախկին ոստիկանը:
Նա նաեւ նշել է, որ Իտալիայում «վստահելի» թիմերի թվին են դասվում «Սամպդորիան», «Կալյարին», «Բարին», «Լեչեն», «Սիենան» եւ «Կիեւոն»:
Ի դեպ, Իտալիայում պայմանավորված խաղերի հետ կապված քրեական գործեր են հարուցվել նաեւ 30 ֆուտբոլիստների նկատմամբ, որոնցից երեքը հանդես են գալիս Ա սերիայի, իսկ մնացածը 27-ը` Բ սերիայի թիմերում: