«Չելսիի» հաջորդ մարզիչը կհայտնվի դժոխքում»
Լոնդոնի «Չելսիի» նախկին մարզիչ, բրազիլացի մասնագետ Ֆելիպե Սկոլարին, խիստ քննադատել է անգլիական ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին` թիմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշին պաշտոնանկ անելու համար:
«Անգլիայում ակումբներ կան, որոնք տարիներ շարունակ մրցանակներ չեն նվաճում, սակայն չեն փոխում գլխավոր մարզչին: «Չելսիում» բոլորովին այլ բարքեր են տիրում: Վիլաշ-Բոաշի պաշտոնանկությունը շատ տարօրինակ է, չնայած, երբ հիշում եմ իմ պատմությունը «Չելսիում», ապա ոչ մի տարօրինակ բան էլ չեմ գտնում: Վիլաշ-Բոաշը եղել է չեմպիոն, եւ այդպիսին էլ կմնա: Ամեն դեպքում, «Չելսիի» հաջորդ մարզիչը կհայտնվի դժոխքում» - հայտարարել է 2002 թ աշխարհի չեմպիոնների մարզիչը:
Իսկ ահա Անգլիայի պրեմիեր լիգայի մարզիչների միության նախագահ Ռիչարդ Բեֆանը «Չելսիի» սեփականատիրոջ որոշումը որակել է որպես խայտառակություն:
«Կարելի է փաստել, որ «Չելսին» չնայած անսահմանափակ ֆինանսական հնարավորություններ է ունի, սակայն այդպես էլ չդարձավ հաջողակ ակումբ: Ինը տարում 8 մարզիչ փոխելը պարզապես խայտառակում է եւ սեփականատիրոջը, եւ ակումբին, եւ պրեմիեր լիգային»: