Չորս թիմով (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 4 թիմեր` Երեւանի «Փյունիկը», «Բանանցը», «Միկան» եւ Դիլիջանի «Իմպուլսը» այսօր Երեւան - Լարնակա չարթերային չվերթով միասին մեկնեցին Կիպրոս, որտեղ կանցկացնեն երկշաբաթյա ուսումնամարզական հավաք:
Ինչպես հայտնի դարձավ «Ա1+»-ի մարզական լրագրողին, անցած տարվա փոխչեմպիոնի կազմում այդ հավաքին կմասնակցեն 25 ֆուտբոլիստ: «Բանանցը» Կիպրոս մեկնեց 24, իսկ «Միկան» ու «Իմպուլսը»` 21-ական խաղացողով: Վերջինիս աֆրիկացի լեգեոնական Իլիասուն, որը ներկայումս գտնվում է Գանայում, թիմին կմիանա փետրվարի 20-ին, Կիպրոսում:
«Փյունիկի» հետ մեկնել է նաեւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը Կիպրոսում նախատեսված Սերբիայի եւ Կանադայի հետ խաղերի նախնական կազմը կհրապարակի փետրվարի 18-ին:
Մեր չորս ակումբներն էլ կհանգրվանեն Անայապա քաղաքում: Մարզումներից բացի դրանք կանցկացնեն 3-4 ստուգողական հանդիպում: Թիմերը Երեւան կվերադառնան մարտի 1-ին, որից հետո «Միկան» կսկսի պատրաստվել Հայաստանի գավաթի խաղարկության խաղին, իսկ մյուս երեք ակումբները մարտին կանցկացնեն եւս մեկ ուսհավաք: