«Արարատը» պարտվեց (տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլային երկու հին ակումբները` Երեւանի «Արարատը» եւ Գյումրիի «Շիրակը» այսօր ստուգողական խաղ անցկացրին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի արհեստական դաշտում:
Հանդիպումն ավարտվեց գյումրեցիների հաղթանակով` 2:0: Գոլերի հեղինակ դարձան Դավիթ Հակոբյանը եւ ֆրանսիացի հարձակվող Ժան Լուի Բեռնը:
Այս խաղով «Շիրակը» ավարտեց իր երկրորդ երեւանյան ուսհավաքը: Թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց, որ կարճատեւ ընդմիջումից հետո, փետրվարի 10-ին, «Շիրակը» կմեկնի Անթալիա, որտեղ կանցկացնի երկշաբաթյա ուսհավաք:
Անդրադառնալով թիմի աֆրիկացի նորեկներին, գյումրեցի մասնագետն ասաց, որ առայժմ հայտնի չէ, թե նրանցից ո՞վ կմասնակցի թուրքական հավաքին: «Այդ հարցը ակումբի ղեկավարության հետ կքննարկենք այսօր երեկոյան»,- ասաց մարզիչը:
«Արարատի» մարզիչը՝ Ալբերտ Սաֆարյանը խաղից հետո նշեց, որ թիմը շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին:
«Օրական անցկացնում ենք երկուական մարզումներ: Այս խաղի նպատակն էր փորձարկել երիտասարդ ֆուտբոլիստների, պարզել նրանց ֆունկցիոնալ վիճակը: Հետո կկողմնորոշվենք, թե ովքեր հանդես կգան բարձրագույն խմբում»,- նշեց «Արարատի» մարզիչը: