«Ուլիսը» մեկնեց Վրաստան
Երեւանի «Ուլիս» ֆուտբոլային թիմն այսօր ավտոբուսով մեկնեց Ուռեկի, որտեղ մեր հանրապետության անցած տարվա չեմպիոնը կանցկացնի իր առաջին արտասահմանյան ուսումնամարզական հավաքը:
Թիմի պետ Գագիկ Գալստյանը «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրեց, որ «Ուլիսը» Վրաստան է մեկնել 24 ֆուտբոլիստով: Նրանցից միայն Արթուր Քոչարյանը պայմանագիր չունի ակումբի հետ, սակայն նա ոչ թե փորձաշրջան է անցնում թիմում, այլ պարզապես ճշտում է պայմանագրի պայմանները:
Գագիկ Գալստյանը ասաց, որ Ուռեկիում «Ուլիսը» կփորձարկի մի քանի ֆուտբոլիստների` հիմնականում հենակետային կիսապաշտպանի եւ հարձակման գծում: Հավաքի ընթացքում մեր թիմը նախատեսել է անցկացնել 4 ստուգողական հանդիպում:
Ըստ վրացական լրատվամիջոցների առաջինը խաղում, որը տեղի կունենա փետրվարի 7-ին, «Ուլիսը» ուժերը պետք է չափի Վրաստանի բարձրագույն խումբը ներկայացնող Մարթվելի «Մերանիի» հետ, իսկ հետո մրցելու է 1-ին լիգայի երկու խմբերի առաջատարների` Բաթումի «Դինամոյի» եւ Սաչխերեի «Չիխուրայի» հետ: Գագիկ Գալստյանը այդ առիթով ասաց, որ վրացական շատ թիմեր են ցանկանում հանդիպել «Ուլիսի» հետ, ուստի թիմի գլխավոր մարզիչը տեղում պետք է որոշի առաջիկա մրցակիցներին:
Վրաստանից վերադառնալուց հետո մեր չեմպիոնը մարզումները կշարունակի Երեւանում, իսկ փետրվարի 26-ին կմեկնի Անթալիա, որտեղ կանցկացնի իր երկրորդ արտասահմանյան ուսհավաքը: