Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշնանացանը վտանգված է

Տնտեսություն
54d82b179b8f19bab0e18f0079db054b

Սիսիանի շրջանի Շաքի գյուղի բնակիչ 54-ամյա Ավագ Ռուստամյանը 1.5 հա հողակտորի վրա աշնանացան է իրականացրել: Դեկտեմբերի առաջին օրերը տեղումնառատ էին, ինչը հույս էր ներշնչում, որ այս տարին բերքի համար նպաստավոր է լինելու։ Սակայն ձնածածկույթի բացակայությունը նրան արդեն մտահոգում է։

«Շատ դժվարությամբ ցանք ենք անում: Ամեն ինչ շատ թանկ է, գյուղացու գրպանն էլ` դատարկ: Գյուղատնտեսությանն աջակցություն չկա: Չգիտեմ, աջակցություն ասելով մեր կառավարությունը միգուցե հասկանա` ես ուզում եմ` ինքը վարի, ես հնձեմ: Չէ՜, ուղղակի տեխնիկայի եւ մի շարք հարցերն ուշադրության կենտրոնում պահեն՚,- ասում է նա։

Երկարամյա մեխանիզատոր Սամվել Սրապյանը, ով 10 հա հողակտորի վրա աշնանը ցորեն է ցանել, հիմա ծանր ու թեթեւ է անում ծախսերը: 1 հա-ի հաշվարկով վար ու ցանք իրականացնելը 100.000 դրամ է պահանջում: Անկախ եղանակային պայմաններից Սամվելը որոշել եւ պատրաստ է իրականացնել նաեւ գարնանացան:

Հեկտարի վրա ցանվում է 300-320 կգ, մոտավոր հաշվարկներով 500-700 մլն ծլունակ սերմ, 1 ք/մ-ին բաժին է ընկնում 500-700 սերմ: Եթե աշունը բարենպաստ է լինում, ըստ գյուղատնտես Վաչիկ Նիկողոսյանի հաշվարկների, հեկտարից միջին բերքատվությունը կազմում է 25-30 ցենտներ:

ՙԱշնանացանը նվազ է թփակալած: Որքան էլ անձրեւներն առատ լինեն, էս տարի սակավ բերք ենք ակնկալում` նախատեսվածից 20-25 %-ով պակաս՚,- նշում է Վ. Նիկողոսյանը:
Վ. Նիկողոսյանին մտահոգում է նաեւ այն, որ մարդիկ այսօր չեն պահպանում ագրոտեխնիկական կանոնները, չեն իրականցնում ցրտահերկ, ցանքաշրջանառություն:

Անցած տարին Սյունիքի գյուղատնտեսության համար բարեհաջող տարի էր, այդ է վկայում ոլորտում գրանցված 12% աճը: Հեկտարից միջին բերքատվությունը կազմել է 22-23ց., 2010թ.-ի 14-15ց.-ի փոխարեն: Նախորդ տարվա համեմատ այս գյուղատնտեսական տարում հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններն ավելացել են 4000 հա-ով:

ՙՑանք կատարելուց հետո ուսումնասիրել ենք, եւ ցանքատարածությունները գտնվում էին լավ վիճակում, իսկ այսօրվա դրությամբ դրանց վտանգ է սպասում: Միայն չոր եղանակը չէ պատճառը: Ներքին գոտիներում կան տեղեր, որտեղ քամիները հողի մակերեսը քշում-տանում են, եւ սերմը բացվում է: Եթե ձյուն չգա, կայուն ձնածակույթ չունենանք` աշնանացանի ցանքերից բերք ակնկալել չենք կարող՚,- նշում է Սյունիքի մարզպետարանի գյուղվարչության պետ Սամվել Թանգյանը:

Մարզում որակյալ սերմացուի խնդիրը լուծված է, -վստահեցնում է պարոն Թանգյանը: 2011թ.-ին կառավարություն կողմից Սյունիքին հատկացվել է 341 տ. էլիտար եւ 501 տ. առաջին վերատադրության սերմացու: Անցած տարի բերքի` հացահատիկի եւ բանջարաբոստանային կուլտուրաների սպառման գծով խնդիրներ չեն եղել, բացառությամբ մոտ 300 տ. կաղամբի:
Ս. Թանգյանի տեղեկատվությամբ` ընթացքի մեջ է ազոտական պարարտանյութի տրամադրման գործընթացը, այդ նպատակով սկսվել է հերթագրումը: Սյունիքի մարզին հատկավցել է 2500 տոննա ազոտական պարարտանյութ, որից 500 տոննան մարզ կներկրվի փետրվար, 1000-ական տ. մարտին եւ ապրիլին: Որոշված է նաեւ 1 պարկի գինը` 6000 դրամ:

Արմեն Հովակիմյան