Տնտեսությունն աճել է 5,9%-ով
Հայաստանի տնտեսությունը 2011-ին նախորդ տարվա համեմատ աճել է 5,9%-ով։ Այսօր Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նախնական տվյալների համաձայն, տնտեսության աճը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ոլորտում 14,1% աճով։ Ընդ որում, արդյունաբերության ծավալն անցած տարի կազմել է 2,6 միլիարդ դոլար։ Գյուղատնտեսական արտադրանքի ծավալները 2010-ի աննախադեպ անկումից (13,5%) հետո, 2011-ին ավելացել են 14,1%-ով։ ԱՎԾ ներկայացրած տնտեսական աճին մեծապես նպաստել է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների աճը՝ 14,5%-ով։ Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակաշրջանում արտադրվել է 7 մլրդ 432,7 մլն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա։
Նշենք, որ մինչեւ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը հանրապետության տնտեսության զարգացումը պայմանավորվում էր հիմնականում հենց այս ոլորտում գրանցված աճով։
2011-ին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալները կազմել են 5 մլրդ 481 մլն դրամ, ինչը 14,4%-ով ավել է 2010-ի ցուցանշի համեմատ։ Ընդ որում, արտահանման ծավալներն ավելացել են 27,7%-ով, իսկ ներմուծման ծավալները՝ 10,7%-ով։ Այնուամենայնիվ, արտաքին առեւտրաշրջանառության մեջ ներմուծման ծավալները գրեթե 4 անգամ գերազանցում են արտահանման ծավալներին։
Միջին հաշվարկային կուրսը անցած տարի կազմել է 372,5 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց։