Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուիլյամս քույրերը վերադառնում են

Սպորտ
b67e79f314d4f8fbb05bcedf87eac1aa

Ամերիկացի աշխարհահռչակ թենիսիստուհիներ Սերեն եւ Վինուս Ուիլյամս քույրերը հինգ տարի ընդմիջումից հետո կրկին հանդես կգան ազգային թիմի կազմում:

ԱՄՆ-ի թենիսի ֆեդերացիան տեղեկացնում է, որ նրանք հրավիրվել են հավաքական` Ֆեդերացիայի գավաթի 2012 թ խաղարկության 2-րդ խմբում Բելառուսի հետ խաղին պատրաստվելու համար: Այդ հանդիպումը կայանալու է փետրվարի 4-5-ին, Մասաչուսետս նահանգի Ուորչեսթեր քաղաքում:

30-ամյա Սերենա Ուիլյամսը թենիսի Ավստրալիայի այս տարվա առաջնությունում հասել է մինչեւ չորրորդ փուլ, որտեղ փորձառու մարզուհին անսպասելի պարտվել է ռուսաստանցի Եկատերինա Մակարովային: Ինչ վերաբերում է Վինուս Ուիլյամսին, ապա նա վերջին անգամ հանդես է եկել 2011 թվականի օգոստոսին կայացած ԱՄՆ-ի բաց առաջնությունում: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, 31-ամյա թենիսիստուհին հիվանդացել է եւ Շեգրենի ախտանիշ է ձեռք բերել (բերանի եւ աչքերի խոռոչի չորացում - խմբ.):