«Բանանցի» նախկին դարպասապահը գոհ է Հայաստանից
«Հայաստանում անցկացրած ժամանակս անտեղի չի անցել: Ես այնտեղ մշտապես խաղում էի եւ լավ մարզավիճակ էի պահպանում: Միակ վատն այն էր, որ առաջնության վերջում վնասվածք ստացա: Իսկ մնացած առումներով ես գոհ եմ երեւանյան գործուղումից» - ուկրաինական «Սպորտ էքսպրես» թերթին ասել է Երեւանի «Բանանցի» նախկին դարպասապահ Դմիտրի Նեպոգոդովը, որը կրկին վերադարձել է հարազատ թիմ` Դոնեցկի «Մետալուրգ»:
Կիեւի «Դինամոյի» ֆուտբոլի դպրոցի սանը նշել է, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունն չնայած իր մակարդակով զիջում է Ուկրաինայի առաջնությանը, բայց դա փոխհատուցվում է տեղի մարդկանց ջերմ վերաբերմունքով.
«Հայկական թիմերում շատ լավ են ընդունում լեգեոնականներին, ակումբի բոլոր աշխատակիցները բարեհանբյուր են, մարդամոտ, այդ իսկ պատճառով Հայաստանում շատ հեշտ է ընթանում թիմին մերվելու գործընթացը»:
23-ամյա դարպասապահը ներկայումս զբաղված է նախկին վնասվածքի բուժմամբ եւ չի կարողանում մարզվել հարազատ թիմի կազմում:
«Ինչ վերաբերում է մեծ ֆուտբոլ վերադառնալուն, ապա դեռ վաղ է խոսել այդ մասին, քանի որ նախ պետք է կարգի բերեմ առողջությունս, հետո նոր մտածեմ մարզումների մասին» ,- եզրակացրել է Դմիտրի Նեպոգոդովը: