«Քեթրին գրուպ»-ին տուգանեցին (տեսանյութ)
«Քեթրին» գրուպ ընկերությունն այսօր տուգանվեց 10 մլն դրամով: Նման որոշում կայացրեց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
Ազոտական պարարտանյութի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունը պարարտանյութն իրացրել է թույլատրելի սահմանից բարձր գնով՝ մեկ պարկը 7000-ի դրամի փոխարեն վաճառելով 7600 դրամով:
Ինչո՞ւ է նման խախտման գնացել «Քեթրին գրուպ»-ը, ընկերության ներկայացուցիչներն այսօր գերադասեցին բոլորի առաջ չբարձրաձայնել.
«Ներկայացված է բացատրություն եւ կից ներկայացված են հաշվարկներ»
Հրաժարվելով պատասխանել նաեւ լրագրողների հարցերին՝ «Քեթրին գրուպ»-ի ներկայացուցիչները նիստի ավարտից անմիջապես հետո հեռացան:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ընդգծելով գյուղատնտեսության ոլորտում պարարտանյութերի նշանակությունը, խոստացավ էլ ավելի ուշադիր հետեւել պարարտանյութերի շուկայի գործունեությանը:
«Եթե հետագայում լինեն խախտումներ, ապա նրանց ենթարկելու ենք առավել խիստ պատասխանատվության»,- նշեց Արտակ Շաբոյանը
Միաժամանակ նա գյուղատնտեսական ընկերություններին կոչ արեց.
« Եթե կնկատեն այս ընկերությունների մոտ չարաշահման երեւույթներ, փաստեր, ապա անպայման դիմեն մեր հանձնաժողովին»։
Ավելացնենք, որ այս շուկայում գերիշխողները երեքն են՝ «Քեթրին գրուպ», , «Ագրիմատկո» ՍՊԸ և «Մասսիսի բերրիություն» ՍՊԸ։