Էմբարգոն կօգնի՞ Հայաստանի տնտեսությանը (տեսանյութ)
Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները լրացուցիչ խթան կհանդիսանան հայ-իրանական էներգետիկ ծրագրերի, մասնավորապես՝ Սյունիքում համատեղ նավթավերամշակող գործարանի կառուցման համար։ Նման գնահատականով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։
«Այն, որ էմբարգոյի պայմաններում Իրանը որոշակի խնդիրներ է ունենալու նավթի սպառման շուկաների իմաստով, նրան կստիպի ավելի արագ կերպով իրականացնել հայ-իրանական տնտեսական ծրագրերը, ինչը, բնականաբար, դրական կերպով կանդրադառնա մեր տնտեսության վրա», - հայտարարեց նա։
Այս տարվա հունիս-հուլիս ամիսներից ԵՄ-ը պատրաստվում է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ։ Այս կերպ Բրյուսելը փորձում է Թեհրանին հետ պահել իր միջուկային ծրագրից։
Փորձագետների գնահատմամբ, համաշխարհային նավթի շուկայում արտահանման ծավալներով երրորդ երկիրը համարվող Իրանի նկատմամբ պատժամիջոցներն անխուսափելիորեն կհանգեցնեն նավթի շուկայում գների կտրուկ բարձրացմանը։
Ըստ Կառլեն Մկրտչյանի՝ գները կբարձրանան մոտավորապես 30-35 տոկոսով՝ հասնելով 130-ից 150 դոլար՝ բարելի համար, այն դեպքում, երբ հունվարի 1-ի դրությամբ նավթը 110 դոլար արժեր։
Կհասցնի՞ արդյոք իրանական նավթից մեծապես կախված եվրոպական տնտեսությունը այս 6 ամիսներին բավարար չափով դիվերսիֆիկացնել իր էներգետիկ ռեսուրսները։ Իրանագետ Մհեր Բաղդասարյանը հիշեցրեց, որ պաշտոնական Թեհրանը դեռեւս մի քանի տարի առաջ հայտարարել է, որ տնտեսական շրջափակման պայմաններում իր ներքին ռեսուրսների շնորհիվ կարող է առնվազն յոթ տարի գոյատեւել։
«Մյուս կողմից, իրանցիները կասկած են հայտնել, որ ԵՄ-ը յոթ տարի կարող է «յոլա գնալ» առանց իրանական նավթի», - նկատեց նա։
Այսօր պատժամիջոցների եզրին կանգնած Իրանը փորձում է հակազդել եվրոպական քաղաքականությանը՝ Ռուսաստանի եւ Չինաստանի, ինչպես նաեւ՝ որոշ լատինաամերիկյան երկրների հետ դաշնակցային հարաբերությունները ամրապնդելով։ Իրանը նաեւ սպառնացել է, թե կփակի Հորմուզի նեղուցով նավարկությունը, որտեղով իրականացվում է համաշխարհային նավթային փոխադրումնրի 40 տոկոսը։
Մհեր Բաղդասարյանը համոզված է, որ Հորմուզի նեղուցի փակումը կտրուկ կմեծացնի տարածաշրջանային պատերազմի հավանականությունը։ «Իսկ դա ձեռնտու չէ ոչ ոքի», - ամփոփեց փորձագետը։