Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մնում է մի լավ գործ անի` հրաժարական տա (տեսանյութ)

Հարցազրույց
77275cd2bce534e1dcf6bf42221c6c46

«Ա1+»-ի հարցերին պատասխանում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

-Պարոն Զուրաբյան, ինչպե՞ս եք գնահատում այսօր երկրում տիրող ներքաղաքական իրավիճակը, հաշվի առնելով վերջին պաշտոնանկություններն ու կադրային փոփոխությունները:

- Ռեժիմի համար կատարվել է ամենածանր բանը, նրանք հույս ունեին, որ 2008 թվականի նախագահական ընտրությունների կեղծումից եւ մարտի 1-ի սպանդից հետո կարողանալու են խեղդել, ճնշել շարժումը: Անգամ երբ նրանք ստիպված էին քաղբանտարկյալների մի մասին բաց թողնել, նորից ընդիմությանը հնարավորություն տալ հանրահավաքներ անցկացնել, հույս ունեին, որ այս ռեսուրսների պայքարում ընդդիմությունը չի դիմանա եւ կամաց-կամաց կմաշվի:

Նրանց հաշվարկները չիրականացան, թեեւ այդպես մտածելու որոշակի հիմքեր կարող էին ունենալ: Այսինքն, ցանկացած երկրում ընտրությունից՝ ընտրություն ընկած ժամանակահատվածը քաղաքական առումով համարվում է անապատ, իսկ հատկապես դա ճիշտ է Հայաստանի պարագայում, որտեղ ըստ էության, ընտրություններն են քաղաքականացնում ժողովրդին, եւ ընտրությունից՝ ընտրություն ընկած ժամանակաշրջանում որեւէ ընդդիմության, հատկապես եթե նա մշտական ահաբեկումների, ռեպրեսիաների եւ տարբեր տեսակի պրովոկացիաների է ենթարկվում, շատ դժվար է դիմանալ:

Հիմա իշխանությունը ստիպված է ընդունել մի փաստ, որ ընդդիմությունը կարողացավ այդ անապատն անցնել: Նրանք չկարողացան ջախջախել եւ ճնշել շարժումը: Սա նաեւ մեկ այլ բան ցույց տվեց՝ այն ռեժիմն ու օլիգարխիան, որը Սերժ Սարգսյանին բերեց իշխանության եւ որն ի դեմս նրա՝ տեսնում էր իր սեփականության, հարստության, ժողովրդին հարստահարելու գործընթացը շարունակելու երաշխավոր, այսուհետեւ կորցրել է անվերապահ հավատը Սերժ Սարգսյանի այդ կարողության նկատմամբ:

Եվ դրա պատճառով ռեժիմի ներսում սկսել են լուրջ հակասություններ։ Դա նաեւ բերել է նրան, որ տարբեր խոսակցությունների հետեւանքով որոշ պարագլուխներ եւ օլիգարխներ ձեւավորել են այն կարծիքը, որ Սերժ Սարգսյանին պետք է փնտրել այլընտրանք, որ նա այլեւս ունակ չէ պահպանել իշխանությունը եւ եթե այսպես շարունակվի`իշխանությունը կանցնի ընդդիմության ձեռքը:

Հենց այդ խմորումների պատճառով մշակվել էին նաեւ որոշակի պլաններ, կապված խորհրդարանական ընտրությունների հետ, ինչը Սերժ Սարգսյանին թույլ կտար ռեժիմի ներսում որոշակի այլընտրանք ձեւավորել: Նա այս վտանգները շատ լավ հասկացել է եւ փորձում է կանխել դավադրությունը, առանցքային դիրքերից հանելով այն մարդկանց, որոնք կարող են այդ դավադրությանը մասնակից կամ աջակից լինել, եւ փորձում է ստեղծել ընտրություններին ընդառաջ մի թիմ, որն անձամբ իրեն է նվիրված եւ տիրապետում է իշխանության լծակներին:

- Վերջին հրաժարականներն ու պաշտոնանկությունները տեղի ունեցան այն փուլում, երբ ընդդիմությունը որոշակի առումով թայմ-աուտ վերցրեց, կամ՝ պասիվ մարտավարություն որդեգրեց: Սերժ Սարգսյանը չէր կարող երկու դաշտում պայքարել, ընդդիմությունը կարծես հանգիստ թողեց նրան, Սարգսյանն էլ սկսեց ամրացնել իր դիրքերը: Կա նաեւ այնպիսի տեսակետ, որ գուցե Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կա որոշակի պայմանավորվածություն՝ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը կանխելու նպատակով:

- Մի բան կարող եմ ասել. կարծես մենք մեր ակտիվությամբ մարդկանց վատ ենք սոցվորեցրել՝ եթե 8 օր շարունակ հանրահավաք ենք անում, հետո 20 օր ընդմիջում ենք հայտարարում, ապա սա ընկալվում է որպես պասիվություն: Աբսուրդ է: Որեւէ ընդդիմություն որեւէ երկրում այդքան ակտիվ չի եղել վերջին 4 տարվա մեջ, որքան ՀԱԿ-ը։

Միայն այս տարի մենք 20 համապետական հանարհավաք ենք անցկացրել, ես չեմ խոսում հարյուրավոր ակցիաների, պիկետների, երթերի մասին։ Ցույց տվեք մեկ այլ ուժ մեկ այլ երկրում, որն այսքան ակտիվ բարձրանում է քաղաքական ասպարեզում: Ես համարում եմ բացարձակապես հիմնազուրկ այն միտքը, որ Սերժ Սարգսյանին ընդդիմությունն ինչ-որ շանսեր է տրամադրում։

Նման գաղափարների հեղինակները պրոբլեմներ ունեն իրենց տրամաբանության հետ: Հակառակը, հենց մեր ակտիվ ճնշումը` 8 օր շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելը, որի ընթացքում մենք «Ազատության» հրապարակից ընդհանրապես դուրս չէինք գալիս, հենց այս ակտիվ ճնշումն է առաջացրել ճեղքեր՝ ռեժիմի ներսում։ Ռեժիմն այսուհետ անհանգիստ է, վստահ չէ, որ հնարավոր է իշխանությունը պահել, հատկապես հաշվի առնելով, որ մոտենում են ընտրությունները, եւ ռեժիմը ինքն էլ խուսափի արտահերթից, միեւնույնն է, չի կարող խուսափել հերթական ընտրություններից, իսկ նման քաղաքական ակտիվության վիճակում ցանկացած ընտրություն այս իշխանության համար մեծագույն փորձանք է եւ նրանք իսկապես այդ հեռանկարից սարսափած են: Այս պրոցեսը նոր հեռանկարներ է բացում շարժման առջեւ:

-ՀԱԿ-ի 4 տարվա պայքարը ճեղքեր առաջացրեց իշխանական ճամբարում, իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը ՀԱԿ-ում, քանի որ 18 կուսակցություններում կարող են տիրել տարբեր տրամադրություններ: Արդյո՞ք ՀԱԿ-ը պատրաստ է դիմակայել առաջիկա ընտրություններին:

- Համենայնդեպս մեր ճամբարում ոչ մի նման «պատերազմ» գոյություն չունի: Հակառակը՝ համախմբված թիմ կա, «պաշտոնանկություններ» չկան, համալրումը շարունակվում է, մենք սկսել ենք 16 կուսակցությունից, այսօր 18-ն են, անգամ դրսից որոշ ուժեր հայտարարություններ են անում, որ ուզում են միանալ կոնգրեսի պայքարին: Բոլոր կառույցները շարունակում են նորմալ աշխատել, եթե բանավեճ կա, ապա շատ առողջ, գաղափարների շուրջ, ի վերջո կոնսենսուսային ձեւով բոլոր հարցերը լուծվում են:

-Ձեր ընդդիմախոսները ձեռքերը շփելով անհամբերությամբ սպասում են նախընտրական ցուցակը կազմելու պահին եւ վստահեցնում են, որ այդ ժամանակ ի հայտ կգան տարաձայնությունները: Դուք նման մտավախություն չունե՞ք: Ի՞նչ սկզբունքով է կազմվելու ՀԱԿ-ի ցուցակը:

-Խոսակցությունները ցուցակների վերաբերյալ շատ արհեստական են: Դա, ի վերջո, տեխնիկական հարց է, որովհետեւ այստեղ մարդիկ համախմբվել են հանուն արդար գործի: ՀԱԿ-ի գոյությունն ինքնին աննախադեպ բան է։ Պատմությունը վկայում է, որ եթե անգամ ընդդիմությանը հաջողվել է համախմբվել, ապա ընտրություններից հետո այն տրոհվել է, նախընտրական դաշինքները շատ կարճ են գոյատեւել: Նման բան չի եղել, որ 18 կուսակցություն 4 տարի շարունակ համախմբված պայքարեն, չնայած առկա ճնշումներին:
Եվ դժվար է ասել, թե ի՞նչ գայթակղությունների եւ ճնշումների են դիմացել այդ կուսակցությունները: Բայց չպետք է մոռանալ, որ մենք ունեցանք նաեւ հիասթափվածներ եւ հուսալքվածներ, որոնք լքեցին Կոնգրեսը, եւ ես միայն ողջունում եմ այդ պրոցեսը, որովհետեւ Կոնգրեսը դրանով միայն ուժեղացավ, բյուրեղացավ եւ մաքրվեց:

Իսկապես, այսօր այդ փորձություններով անցած մարդիկ շատ ավելի գաղափարական պայքար են մղում, Կոնգրեսի թիմը շատ ավելի բյուրեցաված է հենց գաղափարի շուրջ, ավելի, քան անգամ 2007 թվականին, երբ շարժումը սկսվում էր:

-Իսկ Կոնգրեսը լքածների մեջ մրցակից տեսնո՞ւմ եք, նկատի ունեմ «Ազատ դեմոկրատներին»:

-Ես իրենց չեմ տեսնում, ուր մնաց՝ իրենց մեջ մրցակից տեսնեմ: Այդ կուսակցության գործունեությունից ես տեղյակ չեմ:

-Դուք չեք տեսնում, բայց ԱՄՆ ներկա եւ նախկին դեսպաններն այցելել են նրանց գրասենյակ:

-Դուք խոսում եք ամերիկացիների գործունեության մասին, իսկ ես խոսում եմ կուսակցության գործունեության մասին:

-Արդեն ակնհայտ է, որ ՀՀԿ ցուցակը ղեկավարելու է Սերժ Սարգսյանը, իսկ ՀԱԿ-ինն արդեն հայտնի՞ է, որ կղեկավարի Լեւոն Տեր-Պետորսյանը:

-Մենք դրա մասին քննարկում չենք արել, բայց կարծում եմ, որ դա ամենաբնական տարբերակ է:

-Իսկ համագործակցություն այլ ընդդիմադիր ուժերի հետ տեսնո՞ւմ եք:

-Ես մեծ հաշվով ընդդիմության համախմբումը համարում եմ կայացած։ Արհեստական խոսակցություն է, երբ ասում են, որ տեսեք՝ այլ ուժեր կան, որ ՀԱԿ-ում չեն: Ճիշտ է՝ կան, բայց որքան էլ մեծ համախմբում լինի, հնարավոր չէ 70 կուսակցությունների համախմբել եւ պետք էլ չէ:

Պետք է ուղղակի տեսնել, թե ընդդիմադիր դաշտը ինչքանով ենք միավորել։ Եթե կոնգրեսի ազդեցության դաշտում գտնվում է ընդդիմադիր ընտրազանգվածի 95 տոկոսը, արդյո՞ք այդքան կարեւոր է փորձել մյուս 5 տոկոսն էլ միավորել: Իհարկե, եթե ստացվի, կանենք:

Մենք այսօր մեր առջեւ դրել ենք մեկ խնդիր՝ այն պահից, երբ տապալվեցին բանակցային ճանապարհով ժողովրդավարության անցման հնարավորությունները, մենք հայտարարել ենք, որ ժողովրդի միակ խնդիրը պետք է լինի Սերժ Սարգսյանի հրաժարականը, եւ այն պետք է ապահովել ժողովրդի ճնշման ներքո։ Սա մեր միակ խնդիրն է:

Մենք ծրագրեր ենք մշակել այլընտրանքային կառավարման, մենք արել ենք այն, ինչ պետք է աներ որեւէ երկրի դասական ընդդիմություն, մենք անգամ փորձել ենք բանակցել ռեժիմի հետ, որովհետեւ իսկապես աշխարհի փորձն էլ ցույց է տվել, որ ժողովրդավարության անցման ամենալավ տարբերակը դա է:

Բայց եթե ռեժիմը հրաժարվում է, ուրեմն մենք այսօրվանից հայտարարում ենք, որ ժողովրդավարության միակ արգելակը Սերժ Սարգսյանն է, եւ մենք պետք է հասնենք նրա հրաժարականին ու արտահերթ նախագահական ընտրությունների անցկացմանը: Մենք ցանկացած քաղաքական գործընթաց օգտագործելու ենք այս նպատակով՝ ամեն ինչ անելու ենք, ամեն գործիք ուղղելու ենք այս նպատակի իրականացման համար:

Ինչ վերաբերում է ԱԺ ընտրություններին, եթե չկարողանանք արտահերթ ընտրությունների գործը գլուխ բերել, ապա միեւնույնն է, մենք հերթական ընտրություններն էլ օգտագործելու ենք միայն այդ նպատակով` Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրելու: Այսօր խնդիրների խնդիրը սա է:

-Բոլոր այն պաշտոնյաները, որոնք ազատվեցին կամ պաշտոնանկ արվեցին, Կոնգրեսը նրանցից դժգոհ էր, մասնավորապես՝ Ալիկ Սարգսյանից: Հիմա Սերժ Սարգսյանը լավ գործ է անում, թե՞ վատ:

-Շատ լավ գործ է անում, մնում է վերջին լավ գործն էլ անի ու հրաժարական տա:

Զրուցեց Դիանա Մարկոսյանը