Սկզբունքային հանդիպում՝ «Փյունիկ» - «Միկա»
Ֆուտբոլի Հայաստանի 2010 թվականի չեմպիոնը՝ Երեւանի «Փյունիկը» վաղը կանցկացնի այս տարվա ամենասկզբունքային հանդիպումը:
Բարձրագույն խմբի վերջին՝ 28-րդ տուրում փյունիկցիները արտագնա խաղում կհանդիպեն Երեւանի «Միկայի» հետ: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար «Փյունիկը» պետք է նվազագույնը «ոչ-ոքի» ավարտի խաղը, իսկ ահա պարտության դեպքում, մեդալ նվաճելու հարցը կախված կլինի զուգահեռ ընթացող «Բանանց» - «Գանձասար» հանդիպման ելքից (դաշտի տերերի պարտությունը բոլոր առումներով ձեռնտու է փյունիկցիներին):
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ թիմը լիովին պատրաստ է հանդիպմանը:
«Մեզ վաղը դժվարին, բայց միաժամանակ հետաքրիր հանդիպում է սպասվում: Այն, կարելի է ասել, գավաթի եզրափակիչ խաղ է հիշեցնում: Միակ տարբերությունն այն է, որ «ոչ-ոքի» արդյունքը ձեռք է տալիս կողմերից մեկին, մեր դեպքում` «Փյունիկին»:
Վարդան Մինասյանի կարծիքով, վաղը կայանալիք մրցավեճում կհաղթի այն թիմը, որը ավելի լավ պատրաստված կլինի հոգեբանորեն:
«Նման վճռորոշ հանդիպումներին ուժեղ եւ թույլ մրցակիցներ չեն լինում, եւ կողմերի շանսերը հավասար են լինում: Սովորաբար այդպիսի մրցախաղում հաղթում է այն թիմը, որն այդ օրը ավելի ուժեղ է գտնվում» - եզրակացրեց «Փյունիկի» գլխավոր մարզիչը: