Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանություններն իրենց չեն բացահայտելու

Հարցազրույց
ae93794787bcb50b1d2a096085ebc98b

Հարցազրույց հոկտեմբերի 27-ին զոհված պետական գործիչ Յուրի Բախշյանի տիկնոջ` ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ:

-Հոկտեմբերի 27-ից անցել է 12 տարի, այս տարիների ընթացքում այն հարցերը, որ ունեյիք ահաբեկչությունից հետո, փարատվե՞լ են:

-Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ կապված ամենակարեւոր հարցերը՝ ովքե՞ր են կազմակերպիչները եւ ինչպե՞ս կարող էր զինված հանցագործների մի խումբ հայտնվել երկրի օրենսդիր մարմնում: Ինձ համար հստակ է, որ ոչ միայն այդ 7 հոգին էին, այլեւ ուրիշ ահաբեկիչներ էլ են եղել, զինված մարդիկ են եղել ԱԺ-ում: Ու թեեւ այն ժամանակ մետաղորսիչ սարքեր տեղադրված չէին, բայց միեւնույնն է, ինչպե՞ս հայտնվեցին ավտոմատները խորհրդարանի տարածքում: Դրա պատասխանը մինչ օրս չկա:

-Այսինքն, կարծես թե ամենատարրական հարցի պատասխանը հանցագործների գոյության պարագայում չունենք:

-Այո, չունենք: Չունենք այն հարցի պատասխանը, թե այդ մարդկանց ով դրդեց, ով շարժեց, անհնար է, չեն կարող ինձ համոզել, թե որքան էլ այդ մարդը տարօրինակ ամբիցիաների տեր էր, միեւնույնն է, ես չեմ հավատում, որ ինքը, իր խումբը ընդունակ էր առանց հովանավորության այդ քայլն անել, այդ ահաբեկչությունը իրականացնել: Որեւէ մեկը չի կարող հավատալ դրան: Ակնհայտ է, որ կային թե հովանավորներ, թե կազմակերիչներ, ընդ որում՝ թե ԱԺ-ի ներսում, թե դրսում, որոնք նպաստեցին, աջակցեցին, պայմաններ ստեղծեցին այդ ահաբեկչության համար:

-Ինչո՞ւ չբացահայտվեցին կազմակերպիչները:

-Չբացահայտվեցին եւ երկար ժամանակ չեն էլ բացահայտվի, քանի որ անցած 12 տարվա ընթացքում իշխանություն կրող մարդկանց մեջ կան անձինք, որոնք հստակ գիտեն այդ հարցերի պատասխանը, գիտեն այնքանով, որքանով հնարավոր է, իրենք էլ դերակատարում ունեն: Հետեւաբար, իրենք իրենց չպետք է բացահայտեն:

-Իսկ դուք անձամբ փորձե՞լ եք իրականությունը պարզել այն մարդկացից, որոնք, կարծում եք, տիրապետում են ինֆորմացիայի:

-Այո:

-Ումի՞ց:

-Օրինակ՝ Գագիկ Ջհանգիրյանից, երբ զինդատախազ էր:

-Իսկ այսօր, երբ ընդդիմություն է:

-Չեմ ուզում պատասխանել այդ հարցին: Ընդամենը ուզում եմ ասել, որ ես էլ եմ ընդդիմություն, ինքն էլ է ընդդիմություն: Թող հասարակությունը մտածի՝ եթե Բախշյանը ընդդիմություն է եւ ժամանակին այդ հարցերը տվել է ու պատասխան չի ստացել, Ջհանգիրյանն էլ է ընդդիմություն, ուրեմն ո՞վ է ընդդիմություն:

-Կարծում եք Գագիկ Ջհանգիրյանն այսօր պարտավո՞ր է հրապարակել իր ունեցած տեղեկատվությունը 27-ի կազմակերպիչների մասին:

-Ես չգիտեմ պարտավոր է թե ոչ, բայց այն, որ ինքը շատ բան գիտի, ես դա գիտեմ:

-Իսկ ինչո՞ւ չի հրապարակում ձեր կարծիքով:

-Քանի դեռ իրենք ինչ-որ կապերով կապված են, մեկը մյուսի մասին գիտեն ավելին, քան պետք է, այդ շղթան, բոլորին ձեռնտու է ամուր պահել, չկտրել:

-Անկախության տոնի առթիվ Սերժ Սարգսյանը բարձր գնահատելով Ձեր գործունեությունը, Ձեզ պարգեւատրեց։ Այսինքն, նա Ձեզ գնահատում է, դուք փորձե՞լ եք նրանից պահանջել հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտում:

-Ես նրան ուղղակի չեմ դիմել, տարբեր առիթներով տարբեր հարցեր հնչեցրել եմ, որոնց պատասխանը չեմ ստացել: Հարմար օր կլինի, առիթ կլինի, պահ կլինի`կասեմ, առայժմ չեմ փորձել, բայց շատ-շատ անգամներ հարցեր եմ ուղղել այն ժամանակվա ԱԱ նախարարին:

-Այսօր շատ է խոսվում այն մասին, որ եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, մենք կապրեինք բոլորովին այլ երկրում, այլ քաղաքական եւ սոցիալական իրավիճակում: Կիսո՞ւմ եք այդ կարծիքը:

-Իհարկե, միանշանակ: Շատ բաներ կլինեին հենց նրանով, որ այդ մարդիկ ողջ կլինեին, այդ մարդկանց մեջ զորեղ ու հզոր քաղաքական գործիչներ կային: Ինչ ուզում են, թող ասեն Վազգեն Սարգսյանի մասին, բայց նա մի անհատ էր, որը սիրում էր այս երկիրը, ինքը ազգային մարդ էր, ինքը ստեղծագործող մարդ էր, ինքը ուրիշ ձեւի էր սիրում մեր երկիրը: Դեմիրճյանի փորձն ու իմաստությունը բարձր եմ գնահատում, թեեւ ասեմ, որ որպես Կոմունստական կուսակցության ղեկավար, այն ժամանակներում ես համակարգին դեմ եմ եղել, բայց ինքը հսկայական գործոն էր: Նաեւ մնացածները՝ մարդիկ էին, որոնք այլ ճանապարհով էին տանելու երկիրը:

-Ասում են, տարիների ընթացքում վերքերը սպիանում են, ձեզ մոտ այդ խորը վերքը սպիացել, թե՞ ավելի է խորացել:

-Գիտեք, իհարկե ամեն վերք սպիանում է, ամեն բարդ իրավիճակի մարդը հարմարվում է եւ փորձում է իր մեջ հաղթահարել վիշտը, ապրել, չմեռնել: Ես կարծում եմ` որպես վերք, սպիանում է, բայց որպես երեւույթ՝ ահաբեկչություն պետականության դեմ, դա երբեք չի սպիանա, դա սեւ խոռոչի նման կմնա մեր պատմության մեջ:

-Իսկ երբեւք կբացահայտվի՞:

-Դժվարանում եմ ասել, շատ կուզենայի, որ բացահայտվեր, բայց ինչքա՜ն բան պիտի փոխվի այս երկրում, որ բացահայտվի:

-Ինչքան բան, թե՞ ինչքան մարդ:

-Ինչքան բան, ինչքան մարդ, այո, ինչքան մարդ պիտի փոխվի, որ բացահայտվի:

Զրուցեց Դիանա Մարկոսյանը