Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

470 մլրդ դրամ՝ 7 ամսում․ հանքարդյունաբերողների հասույթն աճել է 62%-ով՝ նախորդ տարվա համեմատ․ Պարսյան (տեսանյութ)

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի հասույթը 2026 թվականի առաջին յոթ ամիսներին կազմել է շուրջ 470 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 62 տոկոսով։ Տարվա արդյունքներով շրջանառությունը կարող է հասնել ռեկորդային՝ շուրջ 800 մլրդ դրամի։ Այս մասին Mining Armenia Forum 2026-ի ընթացքում հայտարարել է տնտեսագետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ Սուրեն Պարսյանը։

Նրա ներկայացմամբ՝ ոլորտի աճն արտահայտվում է ոչ միայն արտադրության և արտահանման ծավալներով, այլև պետական բյուջե կատարվող հարկային վճարումներով։

 

Հարկային մուտքերն աճել են ավելի քան 50 տոկոսով

 

Պարսյանի տվյալներով՝ 2026 թվականին հանքարդյունաբերության ոլորտից պետական բյուջե է վճարվել շուրջ 90 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա համեմատ 51.2 տոկոսով ավելի։

Տնտեսագետի խոսքով՝ հանքարդյունաբերությունն այս տարի ապահովում է Հայաստանի արտահանման շուրջ մեկ երրորդը, և ակնկալվում է, որ ոլորտի տեսակարար կշիռը կշարունակի աճել։

Տարվա ընթացքում շրջանառության՝ շուրջ 800 մլրդ դրամի հասնելու կանխատեսման վրա, ըստ Պարսյանի, կարող է ազդել նաև դոլարի փոխարժեքի փոփոխությունը։

 

Ոլորտում՝ 14 500 ուղղակի աշխատատեղ

 

Հանքարդյունաբերության տնտեսական ազդեցությունը, Պարսյանի ներկայացմամբ, տարածվում է նաև զբաղվածության վրա։ 2026 թվականին ոլորտում ակնկալվում է շուրջ 14 500 ուղղակի աշխատատեղ։ Անուղղակի զբաղվածությունը, նրա գնահատմամբ, կարող է 4-5 անգամ գերազանցել այդ թիվը։

Տնտեսագետը նշել է նաև, որ հանքարդյունաբերության ոլորտում մեկ աշխատողի հաշվով արտադրողականությունը կազմում է շուրջ 50 մլն դրամ՝ իր գնահատմամբ գերազանցելով նույնիսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշը։

Պարսյանի խոսքով՝ հանքարդյունաբերական շրջաններում աղքատության մակարդակը 2-3 անգամ ցածր է մյուս տարածաշրջանների համեմատ։ Նա ոլորտի զարգացումը դիտարկում է նաև որպես մարզերի բնակչության եկամուտների և կենսամակարդակի վրա ազդող գործոն։