Ծանրորդները կպատրաստվեն Պոդոլսկում եւ Բաղրամյանում
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը այսօր կմեկնի Մերձմոսկովյան Պոդոլսկ, որտեղ կանցկացնի իր վերջին ուսումնամարզական հավաքը` աշխարհի առաջնությունից առաջ:
ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հավաքին մասնակցում են 5 ծանրորդներ՝ Վանիկ Ավետիսյանը, Սամվել Գրիգորյանը (երկուսն էլ 69 կգ քաշային կարգ), Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ), Հայկ Հակոբյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ): Պոդոլսկում մարզումները կղեկավարեն թիմի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը, ՀԾՖ-ի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը եւ մարզիչ Ալեքսան Կարապետյանը:
Իսկ ահա հավաքականի անդամներ Առաքել Միրզոյանը (77 կգ) եւ Արայիկ Միրզոյանը (85 կգ) մարզումները կանցկացնեն Բաղրամյան գյուղում, իրենց հոր եւ հորեղբոր` Օգսեն Միրզոյանի ղեկավարությամբ:
Հայաստանի կանանց հավաքականը, գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի ղեկավարությամբ, այժմ պարապմունքներ է անցկացնում Աբովյանում:
Աշխարհի առաջնությանը պատրաստվում են երեւանցի Իզաբելա Յայլյանը (53 կգ), բաղրամյանցի Ալլա Սամվելյանը (58 կգ), քասախցի Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ), գյումրեցիներ Մելինե Դալուզյանն (69 կգ) ու Նաիրա Հարությունյանը (+75 կգ):
Նշենք, որ ծանրամարտի 2011 թ աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 6-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: