«Գանձասարը» պարտություն կրեց տեխնիկապես
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն իր հերթական նիստում տեխնիկական պարտություն է գրանցել Կապանի «Գանձասարի» հաշվին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
Պարզվում է, որ հոկտեմբերի 2-ին կայացած «Շիրակ» - «Գանձասար» խաղին հյուրերի կազմում հանդես է եկել որակազրկված ֆուտբոլիստ: Ըստ կարգապահական կոմիտեի կանոնակարգի 15-րդ հոդվածի 22-րդ կետի՝ «Գանձասար» թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն, իսկ ֆուտբոլային ակումբը տուգանվել է 50.000 դրամով:
Ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց, որ իրենք են անփույթ գտնվել:
«Այդ խաղում մեր ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը խաղադաշտ չի մտել, սակայն հայտավորված է եղել պահեստայինների թվում: Նա մինչ այդ երկու դեղին քարտ էր ստացել, սակայն պարզվում է, որ «Բանանցում» հանդես գալիս, Տիգրանը եւս մեկ անգամ զգուշացվել էր» - պարզաբանեց Վլադիկ Առաքելյանը: