Մեր շախմատիստները պարտվեցին
Հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը դուրս մնաց Ինդոնեզիայի շախմատի բաց առաջնության մեդալների համար պայքարից:
Երեկ երեկոյան կայացած 8-րդ տուրում, մեր շախմատիստը վիետնամցի Չաո Սանգի հետ խաղում բավարարվեց «ոչ-ոքի» արդյունքով: Այդպիսով նա վաստակեց 5 միավոր եւ 13-րդ տեղից նահանջեց 17-րդ հորիզոնականը:
Տիգրան Քոթանջյանը այլեւս չի կարող հավակնել մեդալների, քանի որ մրցաշարի առաջատար, հնդիկ գրոսմայստեր Սուրյա Գանգուլիից ետ է մնում 1,5 միավորով, իսկ 6 շախմատիստներ իրենց ակտիվում ունեն 6-ական միավորներ: Քանի որ պետք է կայանան պարտիաներ վերջիններիս միջեւ, ուստի ցանկացած արդյունքի դեպքում նրանք նույնպես անհասանելի կդառնան Տիգրանի համար:
Մեր երկրորդ մասնակիցը՝ միջազգային վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը, 8-րդ տուրում պարտվեց իր մրցակցին եւ 4 միավորով այժմ զբաղեցնում է 34-րդ տեղը:
Այսօր տեղի կունենան վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները: