Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Նշվել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հունիսի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշվել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։

Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն է եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը։

Նշվել է, որ սրբազան արարողությանը ներկա են եղել Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ ուխտավորներ։

Իր քարոզում Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանի կողմից ընդգծվել է Սուրբ Էջմիածնի նշանակությունը հայ ժողովրդի կյանքում։ Նշվել է, որ դարերի ընթացքում Մայր Տաճարը դարձել է հայ ժողովրդի միասնության, հավատքի և ազգային ինքնության խորհրդանիշը՝ կարևոր դեր ունենալով պետականության պահպանման և ազգային համախմբման գործում։

Քարոզում շեշտվել է նաև, որ Սուրբ Էջմիածինը ոչ միայն աղոթավայր է, այլև ազգային հիշողության ու ինքնության պահպանման կենտրոն, համայն հայության տուն և հայրենանվիրումի խորհրդանիշ։

Նշվել է, որ Սուրբ Էջմիածնի տոնը միայն պատմական իրադարձության հիշատակություն չէ, այլ կոչ՝ ամրապնդելու հավատը, պահպանելու ազգային ինքնությունն ու համախմբվածությունը։

Սուրբ Պատարագի ավարտին Մայր Տաճարի Սուրբ Իջման Խորանի առջև, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, կատարվել է Հայրապետական մաղթանք։

Նշվում է, որ հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասը աղոթք են բարձրացրել առ Աստված՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, շենության և հավետ պայծառության համար։