Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի քվեարկությունը՝ տեսախցիկների ներկայությամբ (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը քվեարկեց Երևանի 3/27 ընտրատեղամասում (Ա. Տիգրանյան 21)։  Նրան սպասում էին լրագրողներ ու  քաղաքացիներ։  Վերջիններս նրան դիմավորեցին ծափահարություններով։

Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը անդրադարձավ «Հանրապետություն» կուսակցության՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը ընտրություններին կասեցնելու պահանջով ԿԸՀ ներկայացրած դիմումին՝ այն որակելով «հերթական անշնորքություն»։ Մյուս հարցերին նա նախընտրեց պատասխանել ընտրություններից հետո, թեև լրագրողները շարունակեցին հարցեր ուղղել ընտրակաշառքների մասին հրապարակված ձայնագրությունների, այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակցության, ինչպես նաև ընտրություններից հետո քաղաքական զարգացումների վերաբերյալ։ Նա պնդեց, որ ընտրակաշառք չեն բաժանել։

Կարապետյանի խոսքով՝ ինքը քվեարկության է եկել լավ տրամադրությամբ և համոզված է, որ ժողովուրդը նույնպես «մարտական» է տրամադրված։

Այնուհետև նա լրագրողների ուղեկցությամբ մտավ ընտրատեղամաս։ Հարցերը շարունակվեցին նույնիսկ այն ժամանակ, երբ նա գտնվում էր ընտրախցիկում։ 

Քվեարկությունից հետո քաղաքացիները կրկին ծափահարություններով ողջունեցին նրան։

Անդրադառնալով իշխանափոխության հնարավոր սցենարներին՝ Կարապետյանը նշեց, որ ամեն ինչ կախված է հայ ժողովրդից։

«Եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի, և հայ ժողովուրդը համակերպվի, ուրեմն կհամակերպվի», - ասաց նա՝ խոստանալով ընտրությունների ավարտից հետո հանդիպել լրագրողներին և պատասխանել բոլոր հարցերին։