Մեկնարկել է «Խորհրդարան բոլորի համար» եռօրյա համաժողովը
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում ապրիլի 28-ին մեկնարկել է «Խորհրդարան բոլորի համար» եռօրյա համաժողովը, որին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի խորհրդարանների աշխատակազմերից:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, ողջունելով ֆորումի մասնակիցներին, կարևորել է համաժողովի անցկացումը:
«Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին՝ առանց որոնց այս միջոցառումը հնարավոր չէր լինի իրականացնել: Մեր երախտագիտությունն ենք հայտնում ՄԱԶԾ FORSETI ծրագրին՝ խորհրդարանական ժողովրդավարության զարգացման գործում երկարամյա և շարունակական աջակցության համար:
Շնորհակալություն ենք հայտնում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությանը (BMZ) և Գերմանական միջազգային համագործակցության ընկերությանը (GIZ)՝ արդյունավետ համագործակցության և աջակցության համար:
Շնորհակալություն OECD SIGMA ծրագրին՝ հանրային կառավարման բարեփոխումների ոլորտում իրենց անգնահատելի մասնագիտական եւ փորձագիտական աջակցության համար:
Այսօր մենք այստեղ ենք՝ ներկայացնելու ոչ միայն յուրաքանչյուրիս փորձը, այլև սովորելու միմյանցից: Ժողովրդավարությունը մշտական գործընթաց է, այն չի կանգնում և միշտ պահանջում է նոր մոտեցումներ ու բաց երկխոսություն քաղաքացիների հետ: Նման համաժողովները հիանալի հարթակ են երկուստեք զարգանալու համար: Մենք հույս ունենք, որ այսպիսի քննարկումները կլինեն շարունակական, կայուն հարթակ, որտեղ տարբեր երկրների խորհրդարանները պարբերաբար կփոխանակվեն փորձով և գաղափարներով: Այս ձևաչափը կարող է դառնալ համագործակցության ցանց, որը կօգնի մեզ՝ բոլորիս, բարելավել մեր աշխատանքը՝ ի շահ քաղաքացիների»,- ասել է Դավիթ Առաքելյանը:
Նրա խոսքով դրանք սկսվում են քաղաքացիների ընդունելությամբ եւ հասնում մինչև կրթական նախաձեռնություններ:
ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Գերմանական զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուդեր-Պելցը, «Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ծրագիր III» ծրագրի ղեկավար (GIZ Project Manager ) Սանդրա Ֆուրը և OECD/SIGMA ծրագրի ավագ խորհրդատու, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման մասնագիտական թիմի ղեկավար Բագրատ Թունյանը հանդես են եկել ողջույնի խոսքերով, անդրադարձել իրենց կառույցների՝ Ազգային ժողովի հետ համատեղ իրականացվող ծրագրերին, կարևորել համաժողովի անցկացումն ու համագործակցության ընդլայնումը:
Այնուհետեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանն ու ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը «Քաղաքացիների ներգրավումը խորհրդարաններում. լավագույն փորձը ՀՀ Ազգային ժողովից» խորագրի շրջանակում համաժողովի մասնակիցներին ներկայացրել են ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ուղղված հանրությանը:
«Խորհրդարանը մեզ համար երկխոսության հարթակ է: Եվ այն թեման, որ մենք ընտրեցինք՝ «Խորհրդարան բոլորի համար», իսկապես, հատկանշական է, առաջնահերթ՝ հատկապես զարգացող ժողովրդավարական երկրների համար»,- մասնավորապես ասել է Հեղինե Խաչիկյանը՝ հավելելով, որ խորհրդարանում փորձ է արվում զարգացնել այնպիսի գործիքներ, որոնք ոչ միայն հետաքրքիր կլինեին քաղաքացիների համար՝ ընկալելու եւ հասկանալու, թե ինչ է խորհրդարանը, այլև ճանաչելու միմյանց:
Հեղինե Խաչիկյանն անդրադարձել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված և այն աշխատանքներին, որոնք ապահովում են Ազգային ժողովի բաց եւ թափանցիկ գործունեությունը, նպաստում խորհրդարանի նկատմամբ հանրության վստահության աճին, ինչպես նաև խորհրդարան-հասարակություն կապի ամրապնդմանը:
«Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության գործը միայն տեղեկատվության փոխանցումը չէ, այլ մարդկանց ներգրավվելն է, մասնակցություն ստեղծելն է, վստահություն ամրապնդելն ու կառուցելն է: Ներկայացված քաղաքացիական ներգրավման բոլոր մեխանիզմները կարևոր են, սակայն դրանց իրական ազդեցությունը կախված է նրանից, թե որքան հասանելի և հասկանալի են դրանք հանրության համար: Մեր՝ որպես լրատվական թիմի դերն այդ գործընթացները վերածելն է պարզ, արդիական եւ ներգրավող բովանդակության: Ներգրավվածությունն արդյունավետ է, երբ այն հասկանալի է: Մեր դերն այդ գործընթացները պարզ, հասանելի և մարդկանց համար կարեւոր դարձնելն է»,- ասել է Լաուրա Անտոնյանը՝ մանրամասնելով վարչության գործառույթները:
Վերջինս ընդգծել է, որ ԱԺ բոլոր վարչությունները, որոնց թվում՝ իր գլխավորած վարչությունը, ապաքաղաքական են եւ ապահովում են խորհրդարանի բնականոն գործունեությունը: «Լրատվական վարչությունն ապաքաղաքական է այն առումով, որ լուսաբանում է այն բոլոր խմբակցությունների աշխատանքը, որոնք այդ պահին ներկայացված են Ազգային ժողովում»,- նշել է նա:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանն ու ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը մանրամասն ներկայացրել են խորհրդարանական լսումների անցկացման կարգը, խորհրդարանում իրականացվող «Ամառային դպրոց», «Երիտասարդ խորհրդարան», «Կամրջելով դպրոցն ու Ազգային ժողովը. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դերը եւ գործառույթները հանրային կառավարման համակարգում» կրթական ծրագրերն ու տարաբնույթ նախաձեռնությունները, անդրադարձել պատգամավորների հետ քաղաքացիների հանդիպումներին և այլն:
Թեմայի շրջանակում ներկայացվել է նաև Մոլդովայի և Ուկրաինայի փորձը:
«Քաղաքացիների ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացների բաց լինելըե թեմայով քննարկումն իրականացվել է ՀՀ Ազգային ժողովի, GIZ-ի՝ «Հանրային կառավարման բարեփոխումներ Արևելյան գործընկերության երկրներում III» տարածաշրջանային նախագծի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ «ՀՀ խորհրդարանի արձագանքողականության, արդյունավետության, թափանցիկության և ներառականության խթանում» /FORSETI/ նախագծի և OECD SIGMA ծրագրի միջև համագործակցությամբ:
Նշենք, որ համաժողովի նպատակն է միավորել Արեւելյան գործընկերության, Արևմտյան Բալկանների երկրների և Գերմանիայի խորհրդարանների աշխատակազմերին՝ միմյանց ներկայացնելու համար խորհրդարաններում քաղաքացիների ներգրավումը, փորձի փոխանակումը: