Բացել լրահոսը Փակել լրահոսը
1000087938
A A
Քաղաքականություն

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի պատվիրակությունը մոնիտորինգային այցով ժամանում է Հայաստան

Հայաստան է ժամանում Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը։ Այցի նպատակն է ստուգել, թե ինչպես է Հայաստանը կատարում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայով ստանձնած պարտավորությունները։

Մոնիտորինգային առաքելության կազմում են զեկուցողներ Ջոնաթան Դենիսը (Միացյալ Թագավորություն) և Կատրին Պարտիկան (Բելգիա)։ Նրանց կուղեկցի իտալացի պրոֆեսոր, փորձագետների խմբի փոխնախագահ Տանիա Գրոպին։

Սա Կոնգրեսի առաջին խոշոր անդրադարձն է Հայաստանում տեղական ինքնակառավարման վիճակին՝ 2021 թվականի զեկույցի հրապարակումից հետո։ Ապրիլի 14-15-ը փորձագետները փորձելու են հասկանալ՝ որքանո՞վ է տեղական ժողովրդավարությունը առաջընթաց ապրել վերջին տարիներին, և արդյոք իրականացվել են նախորդիվ տրված հանձնարարականները։

Պատվիրակության այցելությունների աշխարհագրությունը միայն մայրաքաղաքով չի սահմանափակվի։ 

Բացի Երևանի քաղաքապետի հետ հանդիպումից, զեկուցողները կլինեն նաև Վեդիում և Փարաքարում՝ տեղում ծանոթանալու խնդիրներին։

Այցի շրջանակներում նախատեսված են մի շարք առանցքային հանդիպումներ պետական այրերի և իրավապաշտպանների հետ։

Բացի այդ, նախատեսված են հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի,Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի նախագահի հետ։

Այցի արդյունքների հիման վրա կկազմվի նոր մոնիտորինգային զեկույց, որը կներկայացվի ԵԽ Կոնգրեսի հաստատմանը։

Այս մասին «Ա1+»- ին հայտնեցին Կոնգրեսի մամուլի ծառայությունից։