«Միկան» կրեց առաջին պարտությունը
Սլովենիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությունը:
4-րդ տուրում Երեւանի «Միկայի» կանանց թիմը առաջին պարտությունը կրեց` 1,5:2,5 հաշվով զիջելով ռումինական «Լյուքսենին»: Մեր շախմատիստուհիները երեք պարտիա ավարտեցին ոչ-ոքի, իսկ ահա չինուհի Ժու Չենը պարտվեց:
Չորս տուրից հետո «Միկան» 6 միավորով բաժանում է 2-3-րդ տեղերը: Այսօր կայանալիք 5-րդ տուրում մեր շախմատիստուհիները կմրցեն Ռուսաստանի «Գիպրորեչտրանս» թիմի հետ:
Մեր տղամարդկանց թիմը նույնպես անհաջող հանդես եկավ 4-րդ խաղում` պարտվեց գերմանական «Բադեն Բադենին» 2:4 հաշվով: Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Հրանտ Մելքումյանը զիջեցին իրենց մրցակիցներին, իսկ մյուսները խաղացին ոչ-ոքի:
Այժմ մեր շախմատիստները 6 միավորով զբաղեցնում են 9-րդ տեղը: 5-րդ տուրում նրանք կմրցեն ռումինական «Գլասինաց Սոկոլաց» թիմի հետ: