Բացել լրահոսը Փակել լրահոսը
եմ-1
A A
Հասարակություն

ԵՄ-ն ապրիլի սկզբին փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին

Եվրամիությունն ապրիլի սկզբին փորձագետների 9-14 հոգանոց առաքելություն կուղարկի Հայաստան՝ օգնելու իշխանություններին դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին:

«Ազատության» տրամադրության տակ հայտնված փաստաթղթում նշվում է, որ առաքելությունը Հայաստանում 10-15 օր կանցկացնի: Խումբը պիտի օգնի, որպեսզի Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Անվտանգության խորհրդի գրասենյակը «կիբերհարձակումների ու օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների իրավիճակներում այդ ճգնաժամերը կառավարելու պլան և կարգավորումներ մշակեն»: Օժանդակության շահառուները նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ներքին գործերի նախարարությունը, հարկային մարմինները կլինեն:

Եվրամիությունում համարում են, որ Հայաստանը բախվել է ինտենսիվ հիբրիդային գործողությունների, որոնց նպատակն է «խաթարել ժողովրդավարական ինստիտուտները և հասարակության վստահությունը»: Այս գործողությունների մեջ թվարկել են օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաները և միջամտությունը, կիբերսպառնալիքներն ու ընտրական գործընթացների ապօրինի ֆինանսավորումը:

«Խիստ հավանական է, որ այդ սպառնալիքները կսրվեն 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին», - նշված է Եվրոպայի խորհրդի հավանությանն արժանացած փաստաթղթում:

Փաստաթղթից պարզ է դառնում, որ Հայաստանը Եվրամիությանը դիմել է անցած նոյեմբերին, հունվարին Եվրամիությունից գնահատման խումբ է ժամանել Հայաստան, և այդ այցը «պատկերավոր պատկերացումներ է տվել հիբրիդային սպառնալիքների նկատմամբ երկրի խոցելիության վերաբերյալ»: Փաստաթղթում կոնկրետ օրինակներ նշված չեն: