Գործկոմը կողմ է քվեարկել
Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը, որ միաժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ է, դեմ է Հայաստանի առաջնության 22-րդ տուրում կայացած «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպման վերախաղարկմանը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքէջը:
«Համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ ոչ մի հանդիպում չի վերախաղարկվել մրցավարական սխալի պատճառով: Եթե մենք առաջնորդվենք այդ սկզբունքով, ապա մեր առաջնության շատ խաղեր պետք է վերախաղարկվեն, այդ թվում՝ «Բանանցի» մասնակցությամբ մի քանի հանդիպումներ»,- «Ա1+»-ի մարզական թղթակցին պարզաբանեց Սարգիս Իսրայելյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 24-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացած գործկոմի հերթական նիստում նշված հանդիպումը վերախաղարկելու առաջարկ է արել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Գործկոմի 13 անդամներից դեմ է քվեարկել միայն մեկ հոգի: Ի դեպ, ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը չի պարզաբանում, թե կանոնակարգի, որ կետի հիման վրա է վերախաղարկվելու այդ հանդիպումը:
Տեղեկացնենք, որ ըստ ՀՀ առաջնության կանոնակարգի 20-րդ հոդվածի՝ հանդիպումը կարող է բողոքարկվել եւ վերախաղարկվել միայն երեք դեպքում՝ չհայտավորված ֆուտբոլիստի մասնակցություն, խաղի տեւողության հետ անհամաձայնություն եւ մրցավարի կողմից կանոնակարգային դրույթների խախտում, որը ազդում է հանդիպման արդյունքի վրա։