Արոնյանը խաղն ավարտեց «ոչ-ոքի» հաշվով
Լեւոն Արոնյանը Բրազիլիայում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտի» մրցաշարի երկրորդ տուրում «ոչ-ոքի» հաշվով ավարտեց Մագնուս Կառլսենի հետ խաղացած պարտիան:
Նորվեգացի գրոսմայստերը էնդշպիլում մեկ զինվոր ավելի ստացավ, ընդ որում՝ անցողիկ։ Սակայն մեր շախմատիստը նախ վերադարձրեց կորուստը, ապա մրցակցին ստիպեց կրկնել քայլերը, որի արդյունքում գրանցվեց «ոչ-ոքի» արդյունք:
Երկու տուրից հետո Լեւոն Արոնյանը վաստակեց 1,5 միավոր եւ ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը:
Վերջինս հաղթեց մրցաշարի ամենացածր վարկանիշ ունեցող շախմատիստին` իսպանացի Ֆրանցիսկո Վալյեխոյին:
Աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը երկրորդ անգամ խաղաղ դաշն կնքեց` «ոչ-ոքի» ավարտեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ խաղը:
Այսօր կայանալիք 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Նակամուրայի հետ: