«Երևանի Կոմիտասի անվան պուրակը վերադառնալու է նոր տեսքով». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի Կոմիտասի անվան պուրակը, դեռևս նախորդ տարի, դատարանի որոշմամբ վերադարձվեց Երևան համայնքին: Քաղաքի սրտում գտնվող այգու վերակառուցման ու այն նոր շնչով երևանցիներին վերադարձնելու առաջարկով Ակբա բանկը դիմեց Երևանի քաղաքապետարանին՝ պատրաստակամություն հայտնելով համաֆինանսավորել նախագիծը:
Ծրագրի մեկնարկը տրվեց Երևանի քաղաքապետարանի և Ակբա բանկի միջև հուշագրի ստորագրմամբ: Նպատակը ներառական, հասանելի և անվտանգ հանրային տարածք ու բնապահպանական առումով բարենպաստ միջավայր ստեղծելն է: Կոնսերվատորիայի հարակից այգին յուրովի կխոսի ու կպատմի վարդապետի ու նրա թողած ժառանգության մասին: Նման նախաձեռնություններում մասնավոր հատվածի սոցիալական պատասխանատվությունն ու քաղաքի զարգացմանն ուղղված նման նախագծերը կարևոր դեր ունեն հանրային միջավայրի բարելավման գործում։
Ծրագրի շրջանակում զբոսայգում նախատեսվում է ներդնել ժամանակակից և արդյունավետ լուծումներ՝ մասնավորապես էներգախնայող լուսավորման համակարգեր, խելացի ոռոգման համակարգ, կանաչապատման նոր լուծումներ. կպահպանվեն այգու հասուն ծառերը: Պուրակի հիմնական հատակագիծն ու պատմական կառուցվածքը պահպանելով՝ Կոմիտասի հուշարձանի շրջակայքում կառուցվելու է ջրային ավազան, իսկ դրա հարակից հատվածները զարդարելու են գեղարվեստական լուծումներով ձևավորված դաշտային ծաղիկները:
«Կարևոր եմ համարում նաև նման նախաձեռնություններում մասնավոր հատվածի սոցիալական պատասխանատվությունը։ Քաղաքի զարգացմանն ուղղված նման նախագծերը շատ ողջունելի են և կարևոր դեր ունեն հանրային միջավայրի բարելավման գործում։
Վստահ եմ, որ բարեկարգումից հետո Կոմիտասի անվան պուրակը կդառնա բոլորիդ սիրելի վայրը»,- ասել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: