Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մետաղի ռեկորդային գները ստեղծել են մի իրավիճակ, որ մի տարի առաջ մենք չէինք էլ կարող երազել․ Ջհանյան (տեսանյութ)

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի գնահատմամբ՝ ոլորտի մասնաբաժինը տնտեսության մեջ առաջիկա տարիներին կարող է աճել՝ պայմանավորված արտահանման ծավալներով և մետաղների համաշխարհային պահանջարկով:

 

Հայաստանի իրական տնտեսական աճի շուրջ 29 տոկոսը 2026-27 թվականներին կարող է ապահովել հանքարդյունաբերությունն ու դրա հետ կապված տնտեսական գործունեությունը։ Այս կանխատեսումը ներկայացրեց Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալ Վարդան Ջհանյանը՝ Mining Armenia Forum 2026-ի ելույթում։

 

Ասոցիացիայի գնահատմամբ՝ հանքարդյունաբերության մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում 2026 թվականին կարող է գերազանցել 5 տոկոսը։ Ոլորտի հետ կապված մատակարարումների և ծախսերի ազդեցությունը ներառելու դեպքում այդ ցուցանիշը կարող է հասնել շուրջ 9 տոկոսի, իսկ 2027 թվականին՝ մինչև 11 տոկոս։

 

Ջհանյանի խոսքով՝ ֆորումի կարևոր նպատակներից մեկը ոլորտի ներկայացուցիչներին և միջազգային չափանիշներով աշխատող ներդրողներին մեկ հարթակում համախմբելն է։

 

«Այս հարթակը միավորում է բոլորիս։ Այս միասնական հարթակի ստեղծումն է ամենակարևորը ինձ համար»,- նշել է նա։

 

Ոլորտի երկարաժամկետ զարգացման համար, ըստ Վարդան Ջհանյանի, կարևոր է ոչ միայն արտահանման ծավալների ավելացումը, այլև երկրաբանական հետախուզման ակտիվացումը և միջազգային չափանիշների ներդրումը։

 

Նրա խոսքով՝ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան տարածքային կառավարման նախարարության հետ աշխատանքային խումբ է ձևավորել՝ երկրաբանական հետախուզմանն ու համապատասխան ստանդարտներին վերաբերող հարցերը քննարկելու համար։

 

Ջհանյանն առանձնացրել է նաև կայուն զարգացման ճյուղային ստանդարտների մշակումը։ Դրանք, ըստ նրա, պետք է պարտադիր լինեն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի բոլոր մասնակիցների համար։ Այս գործընթացում կարևոր է համարել նաև կառավարության հետ համագործակցությունը։

 

Ասոցիացիայի նախագահի գնահատմամբ՝ Հայաստանը պետք է օգտվի համաշխարհային շուկայում ստեղծված հնարավորություններից, միաժամանակ պայմաններ ստեղծի ոլորտի համակարգային զարգացման համար։ Դրա համար անհրաժեշտ են նոր երկրաբանական հետախուզումներ, պաշարների հաստատում և ռեսուրսների պատասխանատու օգտագործում։

 

Հանքային արտադրանքի արտահանումն աճել է 76.6 տոկոսով

 

Հանքարդյունաբերության դերն արտահայտվում է նաև արտաքին առևտրի ցուցանիշներում։ 2026 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից հանքային արտադրանքի արտահանումը, որի հիմնական մասը հանքաքարերն ու խտանյութերն են, աճել է 76.6 տոկոսով՝ հասնելով 1.10 միլիարդ դոլարի։

 

Միևնույն ժամանակ, Հայաստանի ընդհանուր արտահանումը՝ ներառյալ վերաարտահանումը, նվազել է 7.9 տոկոսով։

 

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի կանխատեսմամբ՝ ոլորտի արտահանումը 2026 թվականին կարող է կազմել շուրջ 1.99 միլիարդ դոլար, իսկ 2027 թվականին՝ մոտ 2.92 միլիարդ դոլար։

 

Պղնձի համաշխարհային պահանջարկն աճում է

 

Հանքարդյունաբերության հեռանկարների մասին խոսելիս Ջհանյանն անդրադարձել է նաև մետաղների համաշխարհային շուկային։ Նրա ներկայացրած տվյալներով՝ 2026 թվականի օգոստոսի 17-ին Լոնդոնի մետաղների բորսայում պղնձի գինը հասել է մեկ տոննայի դիմաց 14,850 դոլարի՝ սահմանելով ռեկորդային ցուցանիշ։ Հունվար-սեպտեմբեր ամիսների միջին գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 39 տոկոսով։

 

Պղնձի պահանջարկի աճը պայմանավորված է մի շարք ոլորտների զարգացմամբ՝ էլեկտրացանցերի ընդլայնում, էլեկտրական մեքենաների տարածում, արհեստական բանականության հաշվարկային կենտրոնների կառուցում և պաշտպանական արդյունաբերության կարիքներ։

 

Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսմամբ՝ կարևոր հանքային ռեսուրսների համաշխարհային պահանջարկը մինչև 2040 թվականը կարող է գրեթե կրկնապատկվել։ Իսկ պղնձի պահանջարկի և առաջարկի միջև տարբերությունը, ոլորտային գնահատականների համաձայն, կարող է հասնել տարեկան 10 միլիոն տոննայի։

 

Հայաստանի ներուժն ու չլուծված խնդիրները

 

Համաշխարհային շուկայում մետաղների պահանջարկի աճը նոր հնարավորություններ է ստեղծում նաև Հայաստանի հանքարդյունաբերության համար։ Սակայն ոլորտի հետագա զարգացումը կախված է ոչ միայն մետաղների գներից և արտահանման ծավալներից, այլև նոր հանքավայրերի հայտնաբերումից, ներդրումներից և արտադրական կարողությունների ընդլայնումից։

 

Ջհանյանի ներկայացմամբ՝ Հայաստանի հանքարդյունաբերության ներուժն օգտագործելու համար անհրաժեշտ են ներդրումների ներգրավում, կանխատեսելի կարգավորումներ, միջազգային չափանիշներին համապատասխան հաշվետվողականություն և բնապահպանական պատասխանատվություն։

 

Ոլորտի զարգացման հեռանկարները, ըստ Ջհանյանի ներկայացրած մոտեցումների, կապված են ոչ միայն համաշխարհային շուկայում մետաղների պահանջարկի և արտահանման աճի, այլև Հայաստանում հանքարդյունաբերության երկարաժամկետ զարգացման համար անհրաժեշտ պայմանների ձևավորման հետ։

 

Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։

Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունները, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։