Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պաղեստինի Պետության առաջին արտակարգ և լիազոր դեսպանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պաղեստինի Պետության առաջին արտակարգ և լիազոր դեսպան Իսա Կասիսիենին: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում: «Դուք առաջին դեսպանն եք, և սա ևս մեկ պատմական իրողություն է։ Վստահ եմ, որ այս կարգավիճակում մեր հարաբերությունները կունենան զարգացման նոր միտումներ, և մենք միասին կփնտրենք այն ուղիներն ու հնարավորությունները, որոնք մեզ թույլ կտան նպաստել ստեղծված իրավիճակից դուրս գալուն։ Խոսքը վերաբերում է ինչպես Պաղեստինում խաղաղության հաստատմանը, այնպես էլ, իհարկե, Հայաստանում և մեր տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը»,- ասել է նախագահը: Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և մաղթանքների համար: «Ես առավելագույն ջանք կներդնեմ՝ ամրապնդելու Հայաստանի և Պաղեստինի միջև երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում, հատկապես՝ մշակույթի, կրթության և առողջապահության բնագավառներում։ Հուսով եմ, որ մոտ ապագայում ամեն ինչ շատ լավ կլինի Հայաստանի և Պաղեստինի համար»,- նշել է նա։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման և խթանման հնարավորությունները՝ կարևորելով քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել մասնավորապես մարդասիրական ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին։ Այս համատեքստում Հանրապետության նախագահը շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ հաշվի առնելով հումանիտար հարցերում Հայաստանի կողմից կուտակված փորձն ու ձևավորված կարողությունները։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրողություններին՝ ընդգծելով խաղաղության, կայունության և բարիդրացիության սկզբունքներով առաջնորդվելու կարևորությունը։