Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մայր Աթոռ
A A
Պաշտոնական

Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է․ Արթենյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի ավագ քահանա Արթենյանը գրել է․
 
«Համատեղ պատասխանատվություն, միակողմանի մեղադրանքներ, եկեղեցուն հատկացված շինությունների վերաբերյալ իշխանության ներկայացուցչի հրապարակումը գույքի պահպանության հարցը վերածում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ անձնական հարձակման՝ անտեսելով այդ ոլորտում պետության պատասխանատվությունը։ Ուստի հարկ է նրան հիշեցնել Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված պետական պարտավորությունները։
 
«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է․ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սեփականությունը և ազգային մշակութային ժառանգության բաղկացուցիչ մասը հանդիսացող մշակութային հաստատությունների, հավաքածուների, թանգարանների, գրադարանների, արխիվների պահպանության և հարստացման համար պետական աջակցության ծավալն ու նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է տվյալ տարվա պետական բյուջեի նախագծով՝ նախապես այն քննարկելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ»։
 
Նույն օրենքի 6-րդ հոդվածը նաև ամրագրում է․ «Պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցիների և պաշտամունքային այլ շինությունների պահպանությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Հայաստանի Հանրապետությունն իրականացնում են համատեղ»։
 
Օրենքով սահմանված համատեղ պատասխանատվությունը չի կարող անտեսվել քաղաքական նպատակահարմարությամբ։ Պետությունը պարտավոր է ստանձնել հոգևոր և մշակութային կառույցների պահպանության գործում իրեն վերապահված պատասխանատվությունն ու ապահովել իր պարտավորությունների կատարումը։ Դրանք ամբողջությամբ Եկեղեցու վրա բարդելու փորձերը հակասում են օրենքում ամրագրված համատեղ պահպանության սկզբունքին։
 
Մինչդեռ իշխանության ներկայացուցիչը լռության է մատնում պետությանն օրենքով վերապահված պարտավորությունները, որոնք կառավարությունը գործնականում պատշաճ չի կատարում։ Ուստի պահանջում ենք, որ իշխող կուսակցության սույն ներկայացուցիչը Եկեղեցուն մեղադրելու փոխարեն ներկայացնի, թե ի՛նչ ծրագրերով և ի՛նչ ծավալով է իրականացվել շինությունների՝ օրենքով նախատեսված համատեղ պահպանությունը, ի՛նչ աջակցություն է սահմանվել 7-րդ հոդվածում թվարկված հաստատությունների ու մշակութային արժեքների համար, երբ և ի՛նչ արդյունքներ են արձանագրել Մայր Աթոռի հետ քննարկումները, եթե դրանք եղել են։
 
Մայր Աթոռին հատկացված գույքի վերաբերյալ հարցերը պետք է քննվեն փաստերի, իրավական փաստաթղթերի և կողմերի պարտավորությունների ամբողջական ներկայացմամբ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին անհարգալից խոսքն ու անձնական պիտակավորումները անհարիր են պետական պատասխանատվություն կրող անձի վարքագծին։ Ազգային հոգևոր ու մշակութային ժառանգության հանդեպ իրական հոգածությունը դրսևորվում է պատասխանատու գործակցությամբ, հետևողական աշխատանքով և օրենքի պահանջների կատարմամբ, ինչն անտեսվել է և շարունակում է անտեսվել»։