Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու, տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այս տարի լրանում է Հանրապետության հրապարակի կառուցման մեկնարկի 100-ամյակը։ Խորհրդանշական այս տարում, շատրվանների վերջին վերանորոգումից շուրջ 20 տարի անց, պատրաստվում ենք նաև շատրվանների համալիր արդիականացմանը՝ ջրային շոուների և շատրվանային համակարգերի նախագծման ոլորտում երկարամյա միջազգային փորձ ունեցող ֆրանսիական Aquatique Show International ընկերության հետ։
Այսօր շատրվանների տեխնիկական համակարգերն արդեն զգալիորեն մաշված են, իսկ դրանց հնարավորությունները՝ սահմանափակ։ Գործող համակարգը չի ապահովում ժամանակակից ջրային ու լուսաձայնային էֆեկտներ, իսկ երաժշտական ծրագիրը գրեթե հնարավոր չէ թարմացնել։
Նախագծով տեխնիկական համակարգերն ամբողջությամբ կարդիականացվեն՝ ստեղծելով նոր ջրային, լուսային ու ձայնային հնարավորություններ և թույլ տալով պարբերաբար թարմացնել ծրագիրը։ Աշխատանքների ավարտին կունենանք Հանրապետության հրապարակի գեղեցկությանը համահունչ և քաղաքի գլխավոր հրապարակին արժանի շատրվաններ։