Բացել լրահոսը Փակել լրահոսը
838819699_2610570976084458_9124058430329888041_n
A A
Պաշտոնական

Ինչ խնդիրներ են արձանագրել ՄԻՊ ներկայացուցիչները «Երևանի երեխայի խնամքի կենտրոն»-ում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2026 թվականի հոկտեմբերի 1-ին չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ Հաստատություն)։
 
 Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության ծառայությունները, սնունդը և հագուստը, Հաստատության աշխատակազմի և երեխաների միջև հարաբերությունները, երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին։
⚠️ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են։
📍 Մասնավորապես, արձանագրվել է՝
♿️ • Հաստատության ֆիզիկական միջավայրը չի համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին: Մասնավորապես՝ Հաստատությունում առկա չէ վերելակ, թեքահարթակները և սանհանգույցները չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին, մուտքերի, ելքերի և առանձին սենյակների դռներն ունեն շեմեր և այլն,
• 2026 թվականի ընթացքում շարունակվել է երեխաներին Հաստատություն տեղավորելու գործընթացը,
🍽️ • առանձին դեպքերում բացակայել է սննդամթերքի պիտանիության ժամկետի վերաբերյալ մակնշումը, իսկ որոշ դեպքերում արձանագրվել են սննդամթերքի որակական ոչ պատշաճ վիճակի արտաքին հատկանիշներ։
🤝 Այցի ավարտին արձանագրված խնդիրների մի մասը քննարկվել է Հաստատության տնօրենի հետ։
🔹 Հաստատության տնօրինությունը և անձնակազմն այցի ընթացքում արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։
📝 Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ՝ Պաշտպանի կողմից բազմիցս բարձրացվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթն առաջարկությունների հետ համատեղ կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին։
⚖️ Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը հետևողականորեն շարունակելու և զարգացնելու անհրաժեշտությունը։