Կենսաչափական անձնագրերի համակարգը Հայաստանում կգործարկվի աշնանը․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սա մեր տեսլականն է, և մենք արել ենք պրակտիկորեն առավելագույնը, որպեսզի այս ժամկետը պահպանվի։ Այս պահի դրությամբ ունենք հստակ ֆիքսված վերջնաժամկետ՝ 2026 թվականի աշուն, որի շրջանակում բիոմետրիկ նոր համակարգը կգործարկվի, և մեր քաղաքացիները կկարողանան ստանալ ինչպես բիոմետրիկ նոր անձնագրեր, այնպես էլ նույնականացման քարտեր»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ համակարգի գործարկմամբ քաղաքացիները կկարողանան ստանալ բիոմետրիկ նոր անձնագրեր և նույնականացման քարտեր։ Արդեն հաստատվել է քարտերի վերջնական նկարագիրը։
«Այս փուլում աշխատանքներ են տարվում կենսաչափական անձնագրի դիզայնի վերջնականացման ուղղությամբ։ Առաջիկայում հանրությանը կներկայացվի նաև նոր անձնագրի նկարագիրը, որից հետո կսկսվեն խմբաքանակային տպագրությունները»,- նշեց նախարարը։
Միաժամանակ Սարգսյանը հստակեցրեց՝ հին նմուշի անձնագրերը ավտոմատ կերպով դուրս չեն գալու շրջանառությունից․
«Մենք չենք սահմանում ժամկետներ։ Դրանք կմնան շրջանառության մեջ այնքան ժամանակ, որքան վավեր են։ Քաղաքացիներին ընտրության հնարավորություն ենք տալիս՝ դիմելու նոր համակարգին կամ շարունակելու օգտվել գործող փաստաթղթերից»։
Նախարարը հավելեց, որ նախատեսվում է ներդնել հերթերի կառավարման նոր համակարգ։
Նախարարությունը քննարկել է նաև նոր համակարգը «In Group»-ի հետ։ Կգործի նախնական օնլայն հերթագրման հարթակ, որտեղ քաղաքացիները տանից կլրացնեն անհրաժեշտ տվյալները․
«Գրասենյակ այցելելիս ընդամենը մի քանի րոպե կպահանջվի մատնահետքի և լուսանկարի հանձնումը ու գործարքի ավարտը»։
Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի գինը դեռ վերջնականացման փուլում է։ Սակայն նախարարը չթաքցրեց․ «Ստանդարտ անձնագրերի համեմատ կունենանք գնային փոփոխություն»։
Հիշեցնենք, որ անձնագրի համար ներկայումս քաղաքացիները վճարում են 1000 դրամ։ Երբ Հայաստանում մոտ 10 տարի առաջ տրամադրում էին կենսաչափական անձնագրեր, նման անձնագրի արժեքը սահմանված է 25.000 դրամ, նույնականացման քարտինը՝ 3.000 դրամ, որը հիմա էլ է այդքան։