A
A
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան կվճարի Միքայելյանի տուգանքը՝ Tour de Ski-ի ժամանակ «Ադրբեջան» գրությունը ծածկելու համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հայտնել է․
«Ողջունում եմ Միքայել Միքայլյանի քայլը: Ֆեդերացիան կվճարի նրա տուգանքը»։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի առաջատար Միքայել Միքայելյանը Իտալիայում դեկտեմբերի 31-ին անցկացված աշխարհի գավաթի խաղարկության փուլում տուգանվել է «Ադրբեջան» անունը մարզահագուստի վրա փակելու համար: Դահուկորդը մեկնարկի դուրս գալիս կպչուն ժապավենով է փակել մրցաշարի հովանավորի անվանումը։
Գագիկ Սարգսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով մանրամասներ է ներկայացրել Միքայել Միքայելյանի քայլի եւ տուգանքի վերաբերյալ:
«Որոշակի հանգամանքների բերումով է Միքայելը նման դիրքորոշում արտահայտել եւ չի խոստանում, որ հետագայում այդ քայլը չի կրկնելու: Միքայելի քայլն ունի նախապատմություն:
2025 թ. մայիսին Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան հայտարարեց, որ Ադրբեջանի պետական տուրիզմի գործակալությունը դառնում է գլխավոր հովանավոր, որի փաթեթի արժեքը միլիոնավոր դոլարներ են: Հովանավոր դառնալով «Ադրբեջան» անվանումը պետք է լինի բոլոր խոշոր հեղինակավոր մրցաշարերում, այդ թվում՝ աշխարհի առաջնություն, աշխարհի գավաթի փուլեր: Սա նշանակում է, որ մրցումային շապիկների վրա, որոնք կրում են մարզիկները մեկնարկներում, գրված է լինելու «Ադրբեջան» անվանումը: Այս ամենն անակնկալ էր բոլորի, ինչպես նաեւ մեզ համար:
Միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում նշեցի, որ մարզիկների շապիկների վրա գրառումն անընդունելի է այն տեսնակյունից, որ Ադրբեջանը չունի դահուկային սպորտ, չունի ֆեդերացիայի անդամներ, անդամ ակումբներ, մարզաձեւի ներկայացուցիչներ: Ի դեպ, Ադրբեջանի ֆեդերացիան նոր է դարձել միջազգային ֆեդերացիայի անդամ:
Հունիսին անցկացված միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին քննարկման դրվեց Ադրբեջանի ֆեդերացիայի թեկնածու անդամից լիիրավ անդամ դառնալու հարցը:
Կոնգրեսի ժամանակ ձայնի իրավունք խնդրեցի եւ Ադրբեջանի ֆեդերացիայի ներկայացուցիչին հարց ուղղեցի:
«Ադրբեջանը ռազմական ագրեսիայի դիմեց Հայաստանի նկատմամբ եւ առաջին արկերը պայթեցին Ջերմուկի դահուկային սահուղիների վրա: Վնասվեցին քաղաքացիական ենթակառուցվածքներ, Ջերմուկի ճոպանուղին եւ այն նույն սահուղիները, որոնք գրանցված եւ սերտիֆիկացված են միջազգային ֆեդերացիայի կողմից:
Ասացի, որ հարցը չքաղաքականացնել, քանի որ զուտ սպորտային է եւ դիմեցի Ադրբեջանի պատվիրակությանը հարցնելով՝ դատապարտո՞ւմ են որեւէ երկրի կողմից ռազմական ագրեսին, մարզական, քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծումը, այդ պարագայում Ջերմուկի ճոպանուղու եւ սահուղիների ռմբակոծումը: Ասացի, որ ակնկալում եմ կարճ պատասխան՝ դատապարտո՞ւմ են, թե՞ ոչ:
Ադրբեջանի ներկայացուցիչը երկար պատասխանեց, որ հարեւաններ ենք, գնում ենք խաղաղության... Այդպես էլ իմ պատասխանը չստացա: Միջազգային ֆեդերացիայի նախագահը միջամտեց եւ հարցը համարեց ավարտված:
Ադրբեջանի հարցը դրվեց քվեարկության, մենք դեմ քվեարկեցինք, բայց Ադրբեջանը դարձավ լիիրավ անդամ:
Այդ կոնգրեսից հետո մեկնարկեցին աշխարհի գավաթի փուլերը: Մեզ համար անակնկալ էր, որ աշխարհի գավաթի փուլերում էլ կտեսնենք «Ադրբեջան» գրառումը մարզաշապիկների վրա: Այս երկիրը դահուկային սպորտի հետ որեւէ առնչություն չունի, ոչինչ չունեն, բայց արդեն ունեն աշխարհի գավաթի փուլերն անցկացնելու իրավունք եւ աշխարհի առաջնություն հյուրընկալելու իրավունք:
Տարիներ շարունակ ԿԳՄՍ նախարարությունից խնդրում-աղաչում ենք դրամական աջակցություն՝ Միլան-2026 ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակցության համար եւ չենք ստանում որեւէ լումա: Միքայել Միքայելյանը, նրա ընկերներն այսօր արդեն ապահովել են վարկանիշային միավորները օլիմպիական քվոտաներ ստանալու համար, իսկ մեր հարեւան պետությունը, ոչինչ չունենալով այս մարզաձեւում, անցկացնում է աշխարհի գավաթի փուլեր եւ անցկացնելու է աշխարհի առաջնություն: Հակառակորդից պետք է սովորել նաեւ:
Ինչ վերաբերում է Միքայելի քային. նա իր դիրքորոշումն է հայտնել: Չի որակազրկվել, միայն տուգանվել է: Մեկնարկից հետո հրավիրվել է հանձնաժողով եւ մեկնաբանել է, որ այդպիսով իր անհամաձայնությունն է ներկայացրել: Աշխարհի գավաթի պատասխանատուն ասել է, որ հասկանում է հայ մարզիկի դիրքորոշումը, բայց նա խախտել է կանոնակարգը: Միքայելը նշել է, որ չի խոստանում, որ չի անի իր քայլը մյուս մրցաշարերում, քանի որ դա մեկանգամյա ակցիա չէր:
Ողջունում եմ Միքայելի քայլը: Որքան էլ ուզում են տուգանեն՝ արժանապատիվ հայը մնում է արժանապատիվ հայ: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան կվճարի Միքայելի տուգանքը»,- ասել է Գագիկ Սարգսյանը: