Բացել լրահոսը Փակել լրահոսը
1000101593
A A
Հասարակություն

Աշակերտական սոցիալական ձեռնարկություններն առաջին քայլերն են անում

Երևանի 187 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արսեն Սահակյանը օրվա դասերի ու առաջիկա ընդունելության քննությունների մասին մտածելուց բացի, հաշվարկում է նաև անցած ամսվա  հարկերն ու մտածում բիզնեսի հաջորդ ամսվա անելիքների մասին․ արդեն մեկ տարի է Արսենն իր դպրոցական ընկերների հետ ձեռնարկություն է հիմնել։ Սա ոչ հոբիի է, ոչ էլ սիմուլիացոն խաղ։ Արսենը և իր ընկերներն այս տարի հիմնել են Հայաստանում առաջին աշակերտական սոցիալական ձեռնարկություններից մեկը և նրանց համար սա այլևս  ամենօրյա աշխատանք է։ 

Իսկ ամեն ինչ սկսվեց հերթական դպրոցական խմբակից։

Գրեթե տասը տարի առաջ պաշտոնապես հայաստանում ստեղծվեցին առաջին սոցիալական ձեռնարկությունները։ Այն ժամանակ դա նոր բովանդակություն ու նոր գործիքակազմ բերեց համայնքերի զարգացման և սոցիալական խնդիրներ լուծման ոլորտում՝ առաջարկելով բարեգործությունն ու ժամանակվոր դրամաշնորհները փոխարինել կայուն և ինքնաբավ բիզնես լուծումներով։ Այս տարիների ընթացքում սոցիալական ձեռնարկատիրության ոլորտը զարգացման տարբեր փուլեր է անցել, ձևավորվել ու գործարկվել են մի քանի տասնյակ ՍՁ գաղափարներ, իսկ երիտաարդները միշտ եղել են ՍՁ համայնքի անբաժան մասը։ Մինչև 18 տարեկան պատանիները, սակայն, հաճախ այս գործընթացում ներգրավված են եղել որպես ՍՁ շահառու կամ կամավոր։ 2024 թվականից Հայաստանում աշակերտները ՍՁ համայնքում նոր դեր ստացան, նրանք այսուհետ ոչ միայն աջակից ու շահառու են, այլև նախաձեռնող ու ՍՁ հիմնադիրներ․ վերջին մեկ տարվա ընթացքում մեր երկրում յոթ աշակերտական սոցիալական ձեռնարկություն է հիմնադրվել։

Այս երիտասարդական նախաձեռնությունները իրականություն են դարձել «Երիտասարդների կողմից ՍՁ և կարիերայի կառավարման գործնական հմտությունների խթանում Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում և Հայաստանում՝ նորարարական աշակերտական սոցիալական ձեռնարկությունների (ԱՍՁ) մոտեցման միջոցով» ծրագրի շրջանակում։ ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի հայաստանյան բաղադրիչը համակարգել է «Քոդե Սոցիալական Ձեռնարկատիրության Հաբ» հասարակական կազմակերպությունը (CODE-SE HUB)։ Այս կառույցը օգտագործում է սոցիալական ձեռնարկատիրությունը որպես գործիք՝ խթանելու նորարարությունները և համակարգային փոփոխությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Հատկանշական է, որ կազմակերպության հիմնադիրներն եղել են Հայաստանում առաջին սոցիալական ձեռնարկությունների ձևավորման ակունքներում, և այսօր արդեն ստեղծել են անհրաժեշտ նախադրյալներ այս անգամ արդեն աշակերտական սոցիալական ձեռնարկատիրության ձևավորման և զարգացման համար։ Ավելին կազմակերպությունը գործնականում արել է առաջին կարևոր քայլերն այս ուղղությամբ՝ ստեղծելով և գործարկելով Հայաստանում առաջին աշակերտական ՍՁ-ները՝ այսպես ասած ԱՍՁ-ները։

Աշակերտական ՍՁ-ները սոցիալական բիզնեսի մոդել է, որտեղ ձեռնարկությունը ձևավորվում և գործում է կրթական հաստատությունների միջավայրում այնտեղ սովորող աշակերտների կողմից։ Այս մոդելը սկիզբ է առել Գերմանիայից, և հաջողությամբ գործում է մի շարք երկրներում։ Ինչպես ՍՁ-ի այնպես էլ աշակերտական ՍՁ-ի դեպքում տարբեր երկրներում դրա սահմանումները որոշակիորեն տարբերվում են, սակայն ընդհանուր մոտեցումը նույնն է՝ սոցիալական ազդեցություն ունեցող ձեռնարկությունը ստեղծվում և գործարկվում է ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթական ծառայություն մատուցող հաստատության գործունեության համատեքստում։ Ձեռնարկության մշակման և համակարգման գործընթացը իրականացվում է աշակերտների կողմից՝ ուսուցիչների կամ ծնողների համակարգման, աջակցության միջոցով։

Հայաստանում ծրագրի առաջնային թիրախում եղել են դպրոցներում, քոլեջներում և վարժարաններում սովորող 14-18 տարեկան երիտասարդները և սա, ըստ CODE-SE HUB–ի համահիմնադիր և նախագահ Սուրեն Մխիթարյանի բոլորովին պատահական ընտրություն չէ, քանի որ այս թիրախային խմբի հետ աշխատանքը կարևոր  է միաժամանակ մի քանի պատճառներով․ «Մեր կազմակերպությունն ու թիմի անդամները տասը տարուց ավելի է աշխատում են Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում և մեզ համար կարևոր էր ծրագրի միջոցով ոլորտում գործի դնել նորարարական մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան խթանելու առկա դրական միտումներն ու լրացնելու բացերը։ Այս առումով կարևոր է, որ ծրագիրն աշխատում է ՍՁ համակարգի տեսանկյունից բոլորովին նոր թիրախային խմբի ՝ դպրոցների և աշակերտների հետ։ Սա ՍՁ-ն նեքևից դեպի վեր զարգացնելու նոր մոտեցում է մեր երկրում։ Մյուս կողմից մենք գիտակցում ենք, որ աշակերտներն ինքնին նորարարության մեծ պոտենցիալ ունեցող համայնք են․ նրանք բոլորովին նոր էներգիա և մտածողություն ունեն, ավելի կրեատիվ են, ավելի անկաշկանդ և ունեն տարբերվող գաղափարներ։ Նրանք պարզապես մեր աջակցության և ուղղորդման կարիքն ունեն»,- բացատրում է Սուրեն Մխիթարյանը։    

ԱՍՁ-ները սոցիալական ձեռնարկության գաղափարը ուղղակիորեն փոխկապակցում են կրթական համակարգի հետ՝ ապահովելով դպրոցական կրթության և համայնքի կենդանի փոխգործակցությունը։ Սա ենթադրում է, որ առաջարկվող միջոցառումներն ու գործիքները մի կողմից պետք է լինեն արդյունավետ և գրավիչ, մյուս կողմից հեշտությամբ ինտեգրվեն ավանդական ֆորմալ կրթության համակարգի մեջ։ Այս նպատակով ծրագրի շրջանակում մշակվել են մի շարք գործիքներ և մեխանիզմներ, որոնք հաջողությամբ փորձարկվել են ծրագրի տարբեր փուլերում։ 

Գաղափարից մինչև ձեռնարկություն․ ինչպես աշակերտները հիմնեցին բիզնեսներ

Ծրագրի առաջին փուլում ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցությամբ մշակվել են երկու կրթական գործիք։ Դրանցից առաջինը առերես կրթական դասընթացն է բաղկացած մեկօրյա իրազեկման հանդիպումից և 8-օրյա ինկուբացիոն ծրագրից։ Միաժամանակ ծրագրի շրջանակում մշակվել է կրթական չափորոշիչներին համապատասխան ԱՍՁ արտադասարանային խմբակի ծրագիր։ Հենց այս գործիքներով էլ իրականացվել է ծրագրին մասնակցող դպրոցների ընտրության, ապա նաև աշակերտական թիմերի հետ աշխատանքի գործընթացը։ 

Ծրագրին և ինկուբացիոն գործընթացներին մասնակցելու հետարքրքրություն էր հայտնել շուրջ 100 դպրոց։ Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Զոհրաբ Մաղաքյանը նշում է, որ այն որ պետք է միանալ նախաձեռնությանը վայրկան անգամ չեն կասկածել։ «Ամենից գրավիչը իհարկե ֆորմատն էր, որ դպրոցական միջավայրում առաջարկում էր ոչ ստանդարտ կրթական մոտեցումներ։ Դպրոցում մենք 12  տարի գիտելիք ենք փոխանցում, սակայն կյանքի դասեր քիչ ենք կարողանում տալ։ Հաճախ են առանձնացնում ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը։ Կարծում եմ իրական կրթության համար դրանք իրարից տարանջատել հնարավոր չէ, ու այս  խմբակը այդպիսի կրթության հրաշալի հարթակ է, այստեղ երեխաները սովորում և փորձարկում են այն, ինչ իրապես կարևոր է լինելու նաև կյանքի ընթացքում»,- ասում է տնօրենը, ում ղեկավարած դպրոցը անցել է ծրագրի բոլոր փուլերով։

Ծրագրի հաջորդ փուլում կազմակերպիչները մասնակցության հայտ ներկայացրած դպրոցներից ընտրել են 15-ը: Ավելի ուշ այս դպրոցներից 7-ը անցել ինկուբացիոն ուսուցում։ Կրթական այս շրջափուլի նպատակն էր աշակերտներին օգնել հղկելու իրենց սոցիալական ձեռնարկության գաղափարը՝ դարձնելով այն առավել իրատեսական և կենսունակ թե՛ բիզնեսի, թե՛ սոցիալական ազդեցության տեսանկյունից, քանի որ ծրագրի հաջորդ փուլում այդ գաղափարները իրագործելու հերթն էր․ կազմակերպիչները խմբերից յոթի համար նախատեսել էին նաև դրամաշնորհ իրենց աշակերտական ՍՁ-ները թղթից իրական կյանք տեղափոխելու համար։ «Մենք բազմաթիվ լավ գաղափարներ էինք ստացել, սակայն ծրագրի նախագծի համաձայն՝ մենք կարող էինք ֆինանսավորել տարբեր դպրոցների միայն 6 գաղափար։ ԿԳՄՍ նախարարությունը այդ ցանկը ընդլայնեց ևս մեկով՝ իր կողմից տրամադրելով դրամաշնորհ ևս մեկ դպրոցի խմբակին։ Արդյունքում ծրագրի շրջանակում Հայաստանում  գործարկվել է 7 աշակերտական ՍՁ»,- պարզաբանում է ծրագրի ղեկավար Կարո Գևորգյանը։

Ծրագրի արդյունքում ստեղված աշակերտական ՍՁ-ներից յուրաքանչյուրը համատեղ թիմային աշխատանքի, գաղափարի հասունացման և անընդհատ զարգացման արդյունք են։ Իրենց գաղափարը ԱՍՁ դարձնելու համար աշակերտները սովորել են աշխատել թիմով, ուսումնասիրել և գնահատել իրենց համայնքի կարիքները, մշակել ու փորձարկել տարբեր լուծումներ, գտնել և ներգրավել գործընկերներ։ «Մենք տարբեր ծրագրեր ենք իրականացնում դպրոցում և հաճախ ակտիվ երեխաները հաճույքով են միանում հետաքրքիր նախաձեռնություններին,- պատմում է Լոռու մարզի դպրոցի կուրատոր, ուսուցչուհի Լիաննա Կարապետյանը։- Սակայն ԱՍՁ դասընթացը տարբերվում էր իրական կյանքի և համանքի հետ փոխկապակցվածությամբ, մենք ինչ սովորում էինք, պետք է փորձարկեինք գործնականում, ինչ որոշում էինք, պետք է իրականացնեինք իրական կյանքում։ ՍՁ գաղափարների իրագործման այս հարթակի շնորհիվ երեխաները շատ լավ զգում են իրենց կապը համայնքի հետ, նրանք դառնում են ավելի պատասխանատու և ավելի նախաձեռնող, քանի որ հասկանում են որ կարող են համայնքում փոփոխություն բերել»։ 

Ծրագրի շրջանակում ձևավորված ԱՍՁ-ներից յուրաքանչյուրը երիտասարդական բիզնես նախաձեռնության և սոցիալական ազդեցության առանձին պատմություն է․

  • Վանաձորում օրինակ աշակերտները հիմնել են ազգային տարազով ֆոտոստուդիա։ Այս նախագծի միջոցով նրանք ոչ միայն եկամուտ են գեներացնում, այլև վերաարժևորում են հայկական մշակույթը՝ տարածելով տարազի կիրառության նոր մշակույթ և պրակտիկա։
  • Ամբերդում աշակերտները արտադրում են առողջարար կոնֆետներ իրենց համայնքի չրերից, ընկույզից ու մեղրից։ Աշակերտներն իրենց նախաձեռնությամբ արձագանքում են  գյուղում առկա մի շարք խնդիրների, հիմնական շեշտը դնելով՝ տեղաբնակների արտադրած բնամթերքի իրացման հնարավորությունների ընդլայնման վրա։
  • Եղեգնաձորում աշակերտները սկսել են սնկերի արտադրություն, որը միավորում է առողջապահական, տնտեսական և կրթական նպատակները, ցույց տալով, թե ինչպես փոքր համայնքային բիզնեսը կարող է լինել ինչպես շահութաբեր, այնպես էլ սոցիալական ազդեցություն ունեցող: «Սնկերի աշխարհ» ձեռնարկությունից ստացված շահույթը աշակերտներն ուղղելու են վարժարանի առաջնային խնդիրների լուծմանը, առաջիկա նպատակը սպորտային դահլիճի վերանորոգումն է։
  • Երևանում աշակերտների կողմից հիմնադրված «Թրինիթի» ԱՍՁ-ի առաքելությունն է բարձրացնել համայնքի էկոկրթության մակարդակը՝ խթանելով իրազեկություն աղբի տեսակավորման կարևորության մասին և խրախուսելով բնապահպանական պատասխանատու վարքագիծը։ Նրանց ստեղծված «Սուտլիկ Որսկան» սեղանի խաղը զարգացնում է երիտասարդների տրամաբանությունը, խնդիրների լուծման թիմային հմտությունները, իսկ ստացված հասույթը աշակերտներն ուղղում են սոցիալական և կրթական նպատակների:
  • Վերին Գետաշենում աշակերտները հիմնել են գրախանութ, որտեղ բացի գրենական պիտույքներից, մատուցում են նաև փաստաթղթերի կրկնօրինակման, տպագրության և տեքստերի հավաքման ծառայություններ՝ այդ կերպով հեշտացնելով գյուղացիների առօրյա գործերը։ Նախաձեռնությունը նաև գիրք կարդալու մշակույթը խթանելու նպատակ ունի։ Աշակերտները նշում են՝ ուզում են, որ երեխաներն ու պատանիները սիրեն գիրքը, սովորելը դառնա ավելի գրավիչ, իսկ դպրոցական կյանքը՝ ավելի հագեցած ու գունեղ։
  • Դդմաշենում աշակերտները հիմնել են փոքրիկ չրանոց, որտեղ գյուղի բնական բարիքները վերամշակվում են՝ ստեղծելով հավելյալ արժեք։ Ինչպես նախաձեռնության հեղինակներն են նշում՝«Արևահունց»-ը ծնվել է Դդմաշենի միջնակարգ դպրոցի 9-12-րդ դասարանի աշակերտների երազանքից՝ վերափոխելու գյուղի բնական հարստությունը կայուն և առողջ ապագայի:   
  • Երևանում մեկ այլ աշակերտական թիմ սկսել է արտադրել էկո-պայուսակներ։ «Հինունիկ» նախագիծը միաժամանակ լուծում է երկու խնդիր․ բերում է թափոնների կառավարման և աշակերտներին հնարավորություն է տալիս զարգացնել դիզայնի ու վաճառքի հմտությունները։ Պայուսակները, որոնք հիմնականում ձևավորվում են հայկական զարդանախշերով, կապում են անցյալը ներկայի հետ, ավանդույթը՝ նորարարության, և ցույց տալիս, թե ինչպես կարող են երիտասարդները նորովի մեկնաբանել մեր հարուստ մշակութային ժառանգությունը:

 Այս ձեռնարկությունների կենդանի ապացույց են, որ այս տարիքում արդեն կարելի է համադրել կրթությունը, սոցիալական ազդեցությունն ու գործնական հմտությունները՝ ստեղծելով նախագծեր, որոնք իրական ազդեցություն են ունենում: Աշակերտական սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանի դպրոցներում մի կողմից ձեռնարկատիրական հմտությունների խթանման, մյուս կողմից քաղաքացիական կրթության հրաշալի հարթակ են դառնում, որտեղ ապագա որոշում կայացնողներն ու գիտակից քաղաքացին, ոչ միայն կարողանում է ճանաչել իր համայնքի խնդիրները, այլև լուծել դրանք՝ արժեք ստեղծելու և հանրօգուտ բիզնես գործունեության միջոցով: Կազմակերպիչները հավատացած են, որ նորաստեղծ ԱՍՁ-ների փորձը կարող է դառնալ վարակիչ՝ բերելով նոր մոտեցումներ թե՛ կրթության, թե՛ բիզնեսի և թե՛ համայնքի զարգացման և սոցիալական խնդիրների լուծման համատեքստում։ 

Ինկուբացիոն փուլում ամեն դպրոցում ընտրվել է ուսուցիչ-կուրատոր, որը մասնակցել է բոլոր դասերին, ապա համակարգել խմբակի գործունեությունը։ Տարբեր դպրոցներում որպես կուրատոր աշխատել են տարբեր առարկաների մասնագետներ․ ընդհանուր մեխանիզմը մեկն է՝ կուրատորը դարձել է աշակերտներին համախմբող և մոտիվացնող, ծրագրի թիմի հետ կապը պահող հիմնական օղակը։

Ծրագրի գործնական փուլում ընտրված ԱՍՁ գաղափարները ստացել են նաև դրամաշնորհ իրենց գաղափարներն իրագործելու համար։ Կազմակերպիչները նշում են, որ տրամադրված գումարը, իհարկե, շատ մեծ չէ, սակայն սա ևս գիտակցված մոտեցում է։ «Դրամաշնորհ տալու միջոցով մենք հնարավորություն ենք տալիս թիմերին անցնել գաղափարի և դրա իրագործման բոլոր փուլերով։ Սա կարևոր փուլ է ստացած գիտելիքն ու հմտությունները իրական կյանքում փորձարկելու համար, ու հենց այս փուլում մենք պետք է անենք ամեն ինչ, որ թիմի անդամները մաքսիմալ բարենպաստ պայմաններում ստանան այդ փորձառությունը։ Իրական գումարի հետ աշխատանքը կարևոր է պատասխանատվություն ստանձնելու, որոշումներ կայացնելու փորձառության համար, սակայն մեծ գումարների դեպքում երեխաներին ավելի դժվար կլիներ սովորել սխալվել, իսկ դա կենսական փորձառություն է, որ անպայմանորեն պետք է ստանան նրանք»,- բացատրում է ծրագրի ղեկավար Կարո Գևորգյանը։

Ծրագրի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ ձևավորված յոթ ԱՍՁ-ները գործում են երեք տարբեր մոդելներով։ Դրանցից առաջինի դեպքում ձեռնարկատիրությունը գրանցված է որպես դպրոցի մի մաս և ֆինանսական կառավաման պատասխանատվությունը դպրոցի վրա է և իրականացվում է հենց դպրոցի միջոցով։ Մյուս դեպքում ադմինիստրատիվ գործընթացն իր վրա վերցնում է գործընկեր որևէ  ՀԿ և այս դեպքում աշակերտական նախաձեռնությունը թեև ձևավորվում է դպորցի շրջանակում, սակայն հիմնական գործունեության կազմակերպման ֆորմալ պատասխանատվությունը ստանձնում է ԱՍՁ-ն նախաձեռնող կամ «որդեգրող» հասարակական կազմակերպությունը։ Կազմակերպաիրավական մյուս մեխանիզմը հենց աշակերտների կողմից պաշտոնապես ձեռնարկություն հիմնելու տարբերակն է, երբ թիմից մեկի անունով բացվում է ԱՁ և ֆինանսական ողջ գործընթացն իրականացվում է հենց այդ ԱՁ-ի միջոցով։ Այս մեխանիզմներից յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը։

Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցում ձևավորված “HonneyBerd” ԱՍՁ-ի պաշտոնական փասատթղթաշրջանառության գլխին դպրոցն է։ Դպրոցի տնօրեն Զոհրաբ Մաղաքյանը կարծում է, որ առավել արդյունավետ է, եթե դպրոցը ոչ միայն տարածք ու միջավայր է ՍՁ-ի համար, այլև ապահովում է նրա գործունեությունը, քանի որ այս մոտեցումը երաշխավորում է աշակերտական ՍՁ-ների շարունակական գործունեությունն ու ներառականությունը։ «Երբ ինձ հարցնում են՝ քանի հոգի է ներգրավված ԱՍՁ-ում, ես ասում եմ՝ բոլորս, որովհետև իրականում բոլոր աշակերտներն էլ իրենց պատկանելությունն են զգում այս գործընթացում, ամեն մեկն իր մասով գործին առնչվող ինչ-որ բան անում է, և բոլորս գիտենք որ սա մեր ձեռնարկությունն է։ Միաժամանակ ուսուցիչների և աշակերտների ակտիվ ներգրավվածությունը նաև ապահովում է ԱՍՁ-ների սերնդափոխությունը, մենք օրինակ արդեն ուղղակիորեն սկսել ենք ավելի փոքր աշակերտների ներգրավումը գործընթացին, որ գործերի փոխանցման ընթացքը սահուն ու հարթ լինի»,- բացատրում է տնօրենը։

Երևանի համար 187 միջնակարգ դպրոցի «Թրինիթի» ԱՍՁ-ի ֆինանսական հոսքերի ֆորմալ կառավարումը հենց աշակերտների ձեռքում է․ թիմի անդամները իրենցից մեկի անունով ԱՁ են բացել և ֆինանսական ողջ գործընթացը կազմակերպում են այդ ԱՁ-ի միջոցով։ Թե՛ համակարգող ուսուցիչը, թե՛ ձեռներեց աշակերտները կարծում են, որ այս տարբերակն ավելի ճիշտ է, եթե ուզում ենք երիտասարդների մեջ ինքնուրույնություն և պատասխանատվություն սերմանել սեփական նախաձեռնության նկատմամբ։ Թիմի անդամ Արսենը համոզված է, որ եթե ԱՍՁ-ն պաշտոնապես պատկաներ դպրոցին, ապա որքան էլ հետաքրքիր լիներ այս գործընթացը, ամեն դեպքում անհատական պատասխանատվությունը անհամեմատ ավելի քիչ կլիներ։ «Կարծում եմ, եթե հիմնական կազմակերպիչը դպրոցն է, ապա ամեն դեպքում աշակերտները ընկալում են, որ դա դպրոցի կողմից կազմակերպվող կրթական գործընթացի մաս է, որին կարելի է մասնակցել, իսկ երբ ժամանակը գա, թողնել ու հեռանալ։ Իսկ այս դեպքում պատասխանատվությունը մեծ է, մենք ֆինանսական հոսքերի կառավարման իրական փորձառություն ենք ձեռք բերում, ԱՍՁ-ն այևս մեր կյանքի մի մասն է, իսկ դպրոցը շարունակում է զգալի դերակատարութուն ունենալ՝ տրամադրելով տարածք, մասնագիտական խորհրդատվություն»,- ասում է Արսենը, ով խմբակի անդամ դառնելուց հետո վերջնականապես որոշել է՝ բիզնես կառավարիչ է դառնալու։  

Վանաձորում ստեղծված ԱՍՁ-ի պատասխանատուն դպրոցի անգլերենի ուսուցչուհի, թիմի կուրատոր Լիաննա Կարապետյանն է։ Քանի որ թիմի անդամները դեռևս փոքր են և ինքնուրույն ԱՁ բացելու հնարավորություն չունեն, անգլերենի ուսուցիչը դարձել է ձեռնարկատեր՝ սեփական ԱՁ-ի միջոցով հնարավորություն տալով երեխաների կյանքի կոչել իրենց գաղափարը։ 

Ծրագրի կազմակերպիչները ևս չեն շտապում միանշանակ գնահատել, թե Հայաստանում հատկապես ԱՍՁ-ի կազմակերպաիրավական գործունեության որ տեսակն է ավելի կենսունակ ու մոտիվացնող, սակայն որպես ծրագրային արդյունք կարելի է արդեն իսկ նշել, որ միաժամանակ երեք տարբեր ձևերի առկայությունը հրաշալի հնարավորություն է ստեղծում առաջիկայում հավաքագրելու օգտակար տվյալներ, որոնք կօգնեն գնահատելու ոչ միայն առանձին ԱՍՁ-երի այլև նրանց կազմակերպաիրավական ձևի պոտենցիալը Հայաստանում։ 

ԱՍՁ-ների ծրագիրի բաղադրիչները ծրագրի ավարտից հետո

Այս օրերին ծրագիրը ֆինանսավորող կառույցներն ու ՀԿ-ի մյուս գործընկերները, արդեն իսկ խոսում են դրա շարունակության կարևորության մասին։ Իսկ մինչ ապագայում ծրագրի արդյունքները ընդլայնելու հնարավորություններն են քննարկում, դրա շրջանակում ստեղծված բաղադրիչները շարունակում են ապրել իրենց կյանքով՝ ապահովելով ծրագրի շարունակական ազդեցությունը թե՛ ՍՁ ոլորտի, թե՛ կրթական համակարգի համատեքստում։ 

Ծրագրի շրջանակում ներգրավվել են 15-ից ավելի դպրոցներ, որոնց 400-ից ավելի աշակերտներ մասնակցել են սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ սեմինարների և ինտենսիվ դասընթացների, ՍՁ առցանց կրթական հարթակի միջոցով թեմատիկ կրթություն են ստացել հարյուրավոր երիտասարդներ, վերապատրաստվել են ավելի քան 20 դասընթացավարներ և ուսուցիչներ՝ աշակերտներին մենթորություն տրամադրելու և ուղղորդելու համար։

«ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությունը ծրագրի արդյունավետության կարևոր նախադրյալներից մեկն էր,- նշում է ծրագրի ղեկավար Կարո Գևորգյանը,- սա հատկապես երևում է, երբ ծրագրի ընթացքն ու արդյունքները գնահատում ենք ծրագրի գործընկեր մյուս երկրների հետ համեմատության մեջ․ հայաստանում այս համագործակցությունը ոչ միայն ապահովել է ներառականությունն ու արդյունավետ ընթացքը, այլև ստեղծել անհրաժեշտ նախադրալներ ծրագրի շարունակականության  ապահովման համար»։

Ծրագրի բոլոր գործողությունների արդյունքում Հայաստանում ստեղծվել են ԱՍՁ զարգացման մի շարք կարևոր նախադրյալներ, որոնց մի մասը արդեն իսկ ինստիտուցիոնալ կարգավիճակ ունի։ Ինչպես նշեցինք, ծրագրի շնորհիվ մշակվել է ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված արտադասարանական կրթության ծրագիր, որից օգտվելու հնարավորություն ունեն հայաստանյան բոլոր դպրոցները։ Ոլորտում գործող մասնագետների աշխատանքն առավել արդյունավետ և հեշտ դարձնելու համար ծրագիրը ԱՍՁ խմբակների մեթոդաբանությունից բացի ստեղծել են կրթական գործիքներ, որոնք կիրառության լայն պոտենցիալ ունեն նաև ծրագրի ավարտից հետո։ Դրանցից առաջինը «Գաղափարից հիմնադրում» սոցիալական ձեռնարկատիրության և ԱՍՁ առցանց ուսումնական հարթակն է (elearning.codesehub.com), որը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են սովորել, թե ինչպես սոցիալական խնդիրներին տալ բիզնես լուծումներ։ Հարթակն առաջարկում է կայուն ազդեցություն ունեցող կենսունակ բիզնես գաղափարների մշակման և իրականացման քայլ առ քայլ ուղեցույց ՝ նախատեսված ինչպես երիտասարդների, այնպես էլ ուսուցիչների համար։ Այն ներառում է 19 ինտերակտիվ մոդուլ, թեմատիկ մատչելի տեքստային նյութեր, տեսադասեր, թեստեր և հանձնարարություններ։ Առաջարկվող ձևաչափը հնարավորություն է տալիս սովորել ցանկացած պահի և ցանկացած վայրից։ Հարթակը հեշտությամբ համադրվում է  նաև առերես ուսուցումների հետ՝ առաջարկելով կրթական բովանդակություն, որն օգնում է ամրապնդել ստացած գիտելիքն ու հմտությունները։ 

Ծրագրի շրջանակում մշակվել է նաև «Գաղափարից ազդեցություն» ուսուցչի և ուսուցանողի համար նախատեսված ուղեցույցը։ Այն առաջարկում է տեսական և գործնական նյութեր և մեթոդաբանություն, որը հնարավորություն է տալիս կազմակերպել ՍՁ կրթական գործընթացը։ «Ձեռնարկի մշակմանը մասնակցել են ՍՁ ոլորտում աշխատող շուրջ երկու տասնյակ փորձագետ, ինչը հնարավորություն է տվել մեզ խտացնելու ՍՁ դաշտում հայաստանյան փորձառությունը։ Սրա շնորհիվ մեր առաջարկած բովանդակությունը ոչ միայն ներկայացնում է միջազգային լավագույն փորձը, այլև արտացոլում է հայաստանյան պրակտիկան և առանձնահատկությունները»,- բացատրում է CODE-SE HUB-ի ղեկավար Սուրեն Մխիթարյանը։ 

 

Կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ ծրագրի ազդեցության ընդլայնման և շարունակականության ապահովման հիմնական գրավականը նաև ստեղծված ձեռնարկություններն են, որոնք իրենց ամենօրյա գործունեությամբ ցույց են տալիս այս ձևաչափի կենսական ազդցությունը թե՛ կրթական,  թե՛ սոցիալական համատեքստում։

 

«Կրթական այս փուլը հրաշալի փորձառություն էր երեխաների համար մի կողմից սեփական հետաքրքիր գաղափարները բիզնես համատեքստում զարգացնելու, մյուս կողմից դրանք ճիշտ և սթափ գնահատել սովորելու տեսնակյունից։ Նրանք սկսեցին իսկապես վերլուծել և հաշվարկել՝ ինչքանով է իրատեսական այս կամ այն գաղափարի իրագործումը»,- ասում է համակարգողներից Արայ Հակոբյանը։ Նա նշում է, որ ծրագրի շարունակականության ապահովման ամենարդյունավետ միջոցը հենց մասնակիցներն են․ նրանք ոչ միայն իրենց օրինակով վարակում են հասակակիցներին, այլև անմիջականորեն ներգրավվում են նոր սերնդի ԱՍՁ-ականների ուսուցանման գործընթացում։ «Նոր խմբակի աշխատանքներում մեր աշակերտներն արդեն իմ գործընկերներն են, ինձ հետ հավասար համակարգում են խմբակի գործունեությունը։ Հավատացեք՝ նրանք իրենց հասակակիցներին ավելի լավ են հասկանում, գիտեն ինչ բառերով և ինչպես ներկայացնեն նյութը, ինչպես ոգևորեն, որ դետալների վրա շեշտը դնեն։ Նրանք ԱՍՁ գաղափարի տարածման համար լավագույն դեսպաններն են»,- հավաստիացնում է ուուցիչը։

 

Ծրագրում ներգրավված փորձագետները կարևորում են ոլորտին առնչվող դերակատրների աջակցությունը՝ երիտասարդական այս շարժմանը թափ հաղորդելու գործում։ Սուրեն Մխիթարյանը կոչ է անում  բիզնես համայնքին և սոցիալական ձեռներեցներին միանալ այս շարժմանը․ «ներդրեք ձեր փորձը, ռեսուրսներն ու կապերը աշակերտների հզորացման մեջ, և յուրաքանչյուր դպրոց կդառնա գաղափարների ու նորարարության կենտրոն»։