Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի չեմպիոնը չի՞ տեսնի Հայաստանը

Սպորտ
7474eaecc5fe6fc8a2f9fe4c2fc9903e

Բուլղարիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Լոթար Մաթեուսը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ եւ մտադիր է թիմը ղեկավարել մինչեւ 2013 թվականի վերջը:

«Ես բանավոր համաձայնության եմ եկել Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Բորիսլավ Միխայլովի հետ` իմ պայմանագիրը երկարաձգելու համար, - Focus.de կայքէջին տված հարցազրույցում նշել է գերմանացի մասնագետը, - Չեմ կասկածում, որ ֆեդերացիայի նախագահը իր խոսքի տերը կմնա»:

Սակայն Եվրո-2012-ի ընտրական փուլում Բուլղարիայի հավաքականի կրած երկու պարտությունից հետո այդ երկրում սկսել են անընդհատ խոսել Լոթար Մաթեուսի պաշտոնանկության մասին: Ավելին, ֆեդերացիայի գործկոմի երկու անդամները պահանջել են հրաժարվել գերմանացու ծառայություններից:

Ըստ բուլղարական լրատվամիջոցների՝ ԲՖՖ-ի նախագահը առաջիկա օրերին պատրաստվում է հանդիպել գործկոմի անդամների հետ` պարզելու նրանց դիրքորոշումն այդ հարցում:

Հիշեցնենք, որ Բուլղարիայի ընտրանին Հայաստանի հավաքականի մրցակիցներից մեկն է աշխարհի 2014 թ առաջնության ընտրական փուլում, ուստի եթե Լոթար Մաթեուսը պաշտոնանկ արվի, ապա աշխարհի 1990 թ չեմպիոնը կզրկվի Հայաստանը տեսնելու հնարավորությունից: