Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Բնակիչները դեմ են Կարմիր սարում հանքի շահագործմանը

Նոյեմբերի 19-ին Վեդիի ավագանին քվեարկությամբ որոշում կկայացնի Կարմիր սարում հանքի շահագործմանը նախնական համաձայնություն տալու կամ չտալու վերաբերյալ։

«Օրդ Գրուպ» ընկերությունը  նախատեսում է այստեղ շահագործել ցեմենտի հումք հանդիսացող կրաքարի հանքավայրը։ Ծրագիրը նախատեսում է նաև ցեմենտի գործարանի կառուցում։ Հարեւանությամբ գտնվող համայնքների բնակիչները դեմ են։

 «Եթե գլոբալ իմաստով նայենք, ինձ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի մտահոգում է պարենային անվտանգության հարցը։ Եթե լոկալ՝ այն, որ ես պետք է շնչեմ փոշին, առանց այդ էլ կիսանապատային է տարածքը և փոշու պակաս չկա»,- ասում է Այգեզարդ գյուղի բնակիչ Արփինե Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի պարենային անվտանգությունը ուղիղ կապված է Արարատյան դաշտում արտադրվող բերքի հետ։ Եթե այս տարածքը դառնա հանքարդյունաբերական գոտի, ապա դա հարված կլինի:

Ու եթե այս անգամ համապատասխան պետական մարմինները դրական եզրակացություն տրամադրեն, այլ ընկերություններ նույնպես կդիմեն նոր հանքերի համար։ «Անցած տարի մի քանի ընկերություններ հետ էին մղվել բացասական եզրակացություններից հետո, բայց եթե այժմ թույլտվություն տրվի, մոտ 300 հեկտար տարածք կարող է դառնալ հանքարդյունաբերական»,– շեշտում է նա։

Հաշվարկվե՞լ է, թե հանքի շահագործումը ինչպես կազդի խաղողագործության վրա Արարատի մարզում։ Ի պատասխան «Ա1+»-ի հարցին ՝ Արարատի խաղողագործների միության նախագահ Արսեն Սիմոնյանը շեշտում է՝ ինքն էլ չի ստացել այդ հարցի պատասխանը հանրային լսումների ժամանակ։

Հանքի ազդեցության հաշվարկները խաղողագործության վրա դեռևս բացակայում են։ «Նրանք պարտավոր էին գալ պատրաստված՝ իմանալու համար վնասի շառավիղը, ներառված գյուղերի թիվը և ազդեցության աստիճանը։ Բայց այդ թվային տվյալները բացակայում էին»,– նշեց նա։

Սիմոնյանի խոսքով՝ չկա ուսումնասիրություն, թե ինչպես է ցեմենտի փոշին ազդում խաղողի որակի վրա․ «Նման գիտական ուսումնասիրությունը ըստ էության չկա, չնայած գործարանատերերը բողոքում են։ Եվ մթերվող խաղողի նման խնդիր կա, դա էլ եմ անձամբ ես լսել եմ գործարանատիրոջից, որ ասում է՝ ցեմենտի մեջ կորած խաղողը բերել են հանձնում, ես սա ի՞նչ վերցնեմ, ի՞նչ անեմ և այլն։ Բայց որ գիտականորեն ուսումնասիրված, ինչ վնաս կարա հասցնի, դա այս պահին չունենք»։

 Խնդիրը միայն հաշվարկների բացակայությունը չէ, այլ նաև բնակչության ոչ պատշաճ իրազեկված լինելը։ «Մարդիկ վերջին պահին են իմացել լսումների մասին։ Իրազեկման մեթոդները պետք է կարգավորվեն օրենքով, որպեսզի պարզ լինի՝ քանի տոկոսն է տեղյակ նման գործընթացներից»,– ասաց նա։