«Սիգմայի» հետ խաղը մեզանից շատ ջանք կխլի». «Նոայի» գլխավոր մարզիչ
Աջակցիր «Ա1+»-ին«Արարատ-Արմենիայի» հետ խաղը թողել ենք անցյալում, քանի որ պետք է առաջ շարժվել, այլ ոչ թե հետ նայել։ Մեր ամբողջ կենտրոնացումը լինելու է վաղվա խաղի վրա։ Գիտենք, որ այն մեզանից շատ ջանք կխլի, քանի որ «Սիգման» չեխական այնպիսի ակումբների հետ է հանդիպում, որոնք շատ լավ են հանդես գալիս եվրագավաթներում։ «Սիգման» նույն մակարդակի թիմ է, ինչ այս մրցաշարում մեր նախորդ մրցակիցներն էին, բայց ավելի ագրեսիվ ֆուտբոլ է ցուցադրում, քան «Ռիյեկան» ու «Կրայովան», - Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 3-րդ տուրի «Նոա» - «Սիգմա» խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսին այսօր ասաց «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը:
«Ա1+»-ի այն հարցին, արդյոք խաղի ուշ ժամին սկսելը կարող է խնդիր ստեղծել թիմի համար, խորվաթ մասնագետն ասաց. «Այդ հարցում մենք պրոֆեսիոնալ ենք: Գիտենք, որ երկար օր ենք ունենալու, բայց կազմել ենք մեր օրակարգը, նախատեսել տարբեր միջոցառումներ, հանդիպումներ ֆուտբոլիստների հետ: Հուսով եմ, որ թիմը խնդիր չի ունենա այդ առումով: Նույնն ակնկալում եմ նաև ֆուտբոլասերներից»:
Չեխական «Սիգմա» Օլոմոուց թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Յանոտկան նախախաղային մամուլի ասուլիսին ասաց, «Նոայի» դեմ խաղին նախապատրաստվել ենք սովորականի ռեժիմով:
«Ծանոթ ենք մեր մրցակցի խաղաոճին: Մեծ հարգանք ունենք հայկական ակումբի նկատմամբ: Այս խաղում ֆավորիտը «Նոա»-ն է, սակայն մենք մարտական ենք տրամադրված և ձգտելու ենք հաղթանակի», - նշեց չեխ մասնագետը:
Հավելենք, որ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 3-րդ տուրի «Նոա» - «Սիգմա» խաղը տեղի կունենա վաղը, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 21:45-ին: