«Եթե նախագահը չաջակցեր, մարտը չէր կայանա»
Վիկ Դարչինյանն այսօր հայտարարեց, որ իրականացավ Երեւանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտ անցկացնելու իր վաղեմի երազանքը: Սեպտեմբերի 3-ին հարավաֆրիկացի Էվանս Մբամբայի հետ մրցամարտում նա պաշտպանել էր IBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը:
«Հանդիպման կազմակերպիչները պարզապես չէին վստահում Հայաստանին: Նրանք վախենում էին, որ կարող են լուրջ միջադեպեր տեղի ունենան մարտի ժամանակ: Սակայն երբ հայտնի դարձավ, որ մարտն անցկացվելու է մեր երկրի նախագահի բարձր հովանու ներքո, եւ Սերժ Սարգսյանը ներկա է լինելու դրան, կազմակերպիչները վերջապես տվեցին իրենց համաձայնությունը եւ թույլ տվեցին մարտն անցկացնել Երեւանում»,-ասաց նա՝ այսօր հրավիրված մամլո ասուլիսում։
Խոսելով իր առաջիկա ծրագրերի մասին՝ Վիկ Դարչինյանն ասաց, որ իրեն մրցամարտելու առաջարկներ են արել տարբեր երկրներից.
«Իմ հետ մրցելու ցանկություն է հայտնել ռուսաստանցի Ալեքսանդր Բախտինը, իսկ ամերիկացի պրոմոուտերները առաջարկում են մարտ անցկացնեմ դեկտեմբերի սկսզբին, սակայն չեն անվանում մրցակցիս անունը` ցանկանալով անակնկալ մատուցել մարզասերներին»:
Սակայն Վիկ Դարչինյանը «Ա1+»-ի մարզական լրագրողին խոստովանեց, որ ինքն ավելի շատ ցանկանում է մրցել իր քաշային կարգում լավագույն համարվող բռնցքամարտիկների հետ։
«Դրանք երկուսն են: Մեկը Մորենոն է, ում լրատվամիջոցները սուպերչեմպիոն են անվանում, եւ Դոնիտե Դոները, որը իր չեմպիոնական երկու գոտիները պահպանելու համար պետք է անպայման մենամարտի իմ հետ» - պարզաբանեց նա:
Վերջում հավելենք, որ աշխարհի չեմպիոնը պատրաստվում է մոտ ժամանակներին մարզադպրոց բացել Երեւանում: «Ես արդեն հողատարածք եմ ձեռք բերել, որտեղ իմ գումարներով կկառուցվի բռնցքամարտի ժամանակակից մարզադպրոց, որի նախագիծը ամերիկյան ընկերություն է պատրաստվելու»,-ասաց նա։