«Մենք ունենք գոլ խփող խաղացողներ»
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թիմի վերջին հաջողությունները բացատրեց մի քանի գործոններով:
«Մեր ֆուտբոլիստները գնալով փորձառու են դառնում եւ ավելի կայուն խաղ են ցուցադրում: Առանց այդ երկու գործոնների հնարավոր չէ լավ արդյունքների հասնել: Մենք ներկայումս ունենք չորս գոլ խփող խաղացողներ: Կարծում եմ, դուք ինքներդ գիտեք՝ ովքեր են նրանք» (Վարդան Մինասյանը նկատի ունի Եվրո-2012-ի ընտրական փուլում 4-ական գոլեր խփած Յուրա Մովսիսյանին, Հենրիխ Մխիթարյանին, Գեւորգ Ղազարյանին, եւ 3 գոլի հեղինակ Մարկոսին):
Հիշեցնենք, որ մեր ընտրանին Եվրո-2012-ի վերջին երկու ընտրական խաղերում խոշոր հաշվով հաղթել էր Անդորայի (3:0) եւ Սլովակիայի (4:0) ազգային թիմերին:
Լրագրողները, չնայած մեր հավաքականի հաղթանակներին, մի քանի մտահոգող հարցեր բարձրացրին: Մասնավորապես, խոսք գնաց հավաքականի փոխարինող դարպասապահի, եւ թիմի նախկին դարպասապահ Ապուլ Բետեին կրկին հրավիրելու մասին:
«Ես հետեւում եմ Բետեի ելույթներին: Վերջերս նա հաճախակի է սխալվում, անցած մրցաշրջանի համեմատ անկայուն խաղ է ցուցադրում: Չնայած դրան, նա մշտապես գտնվում է մեր տեսադաշտում»,-ասաց նա։
Իսկ ահա հավաքական հրավիրված, բայց այդպես էլ թիմ չժամանած կենտրոնական պաշտպան Դենիս Թումասյանի մասին Վարդան Մինասյանը շատ կարճ պատասխան տվեց. «Մենք նրան հրավիրել ենք, ինքը չի եկել: Ավելացնելու ոչինչ չունեմ»:
«Ա1+»-ի այն հարցին՝ արդյո՞ք ավելի նպատակահարմար չէր լինի «Ուրալի» խաղացողին հրավիրել մինչ այդ կայացած Լիտվայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը, որպեսզի պարզվեր նրա մտադրությունը, Վարդան Մինասյանն ասաց. «Ես այդ խաղում ցանկացա փորձարկել «Փյունիկի» կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանին: Մենք եթե անգամ Լիտվայի հետ խաղին հրավիրած լինեինք Դենիս Թումասյանին, հավատացած եմ, նա չէր ժամանելու թիմ» - եզրակացրեց հավաքականի գլխավոր մարզիչը:
Հավելենք, որ Մակեդոնիայի հետ հաջորդ հանդիպմանը մեր հավաքականը դարձյալ կադրային խնդիր կունենա պաշպանությունում, քանի որ այդ խաղը բաց կթողնի որակազրկված (երկու դեղին քարտ ունի) կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը: