Անհայտ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը մեկ ամսով կալանավորվել է
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, որոշում է կայացրել մեկ ամսով կալանավորել 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանին։
«Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին տեղեկացրել է փաստաբան Տաթև Սողոյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվել էին անհայտ կորած զինծառայողների հարազատներից երկուսը՝ Ապիջան Սարգսյանը և Արսեն Ղուկասյանը։ Հետագայում Ապիջան Սարգսյանը ազատ էր արձակվել, մինչդեռ Արսեն Ղուկասյանը շարունակել է մնալ կալանքի տակ։
Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության, ինչպես նաև պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հատկանիշներով։
Անհայտ կորած զինծառայողների ծնողները սեպտեմբերի 29-ին բողոքի ակցիա էին անցկացնում ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ։ Նրանք պահանջում էին հանդիպում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Կամո Վարդանյանի հետ։ Ակցիայի ընթացքում իրավիճակը լարվել էր, քաշքշուկ էր սկսվել ակցիայի մասնակիցների և Ռազմական ոստիկանության ծառայողների միջև։