Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հակակոռուպցիոն կոմիտե
A A
Պաշտոնական

Հրազդանի հիվանդանոցի նախկին տնօրենի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է․ Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հրազդանի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և շահադիտական նպատակներով չի կատարել ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառել ընկերության օրինական շահերին: Բացի այդ, կազմակերպել է հանցավոր ճանապահով ձեռք բերված գույքի ծագումն ու պատկանելությունը թաքցնելու նպատակով այն օրինականացնելը (փողերի լվացումը), որի արդյունքում գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվել է որդուն:

Մասնավորապես՝ նպատակադրվելով իր հետ փոխկապակցված անձանց հետ նախնական համաձայնությամբ անհամեմատ ցածր գնով ձեռք բերել վերը նշված ՊՓԲ ընկերությանը պատկանող թիվ 2 մասնաշենքը և տեղյակ լինելով հիվանդանոցի ֆինանսական պարտավորությունների մասին, տնօրենը, ընկերությունում բավարար միջոցների առկայության պայմաններում, որևէ միջոց չի ձեռնարկել պարտքի մարման ուղղությամբ և գլխավոր հաշվապահին կարգադրել է չվճարել պարտավորությունները՝ դրանով իսկ դիտավորությամբ պայմաններ ստեղծելով դատական կարգով գումարի բռնագանձման համար։

Դրանից հետո ԴԱՀԿ ծառայությունում հարուցված կատարողական վարույթով արգելանք է կիրառվել թիվ 2 մասնաշենքի վրա, և այն դրվել է աճուրդի, որին մասնակցել է տնօրենի որդու ընկերը: Վերջինս աճուրդում ճանաչվել է հաղթող և շուրջ 31.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով մասնաշենքը ձեռք է բերել անհամեմատ ցածր՝ 1.925.000 ՀՀ դրամով, որից հետո կնքված ձևական բնույթ կրող առուվաճառքի պայմանագրով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցել է տնօրենի որդուն:

Տնօրենի հանցավոր գործողությունների հետևանքով «Հրազդանի հիվանդանոց» ՊՓԲ ընկերությունը զրկվել է առանձնապես խոշոր չափերով՝ 31.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով գույքն իր հայեցողությամբ տնօրինելու հնարավորությունից, իսկ գույքի օտարումից ստացել է ընդամենը 1.925.000 ՀՀ դրամի չափով եկամուտ։

Վերը նշված հանցավոր արարքների համար «Հրազդանի հիվանդանոց» ՊՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2–րդ մասով և 38–190–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով, իսկ նրա որդուն և որդու ընկերոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: