Հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա և հրազեն. Նոր Նորքի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀամայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ օտարերկրացի մի տղամարդ մայրաքաղաքի Լվովյան փողոցում բնակվող իր ծանոթից իր օգտագործելու համար թմրամիջոց է գնում։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 9-ին օտարերկրացին հենց Լվովյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց փայլաթիթեղի փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածով։
Հետագա միջոցառումներով պարզվեց նաև օտարերկրացու ծանոթի ինքնությունը: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 16-ին Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկեցին 49-ամյա տղամարդու տունը:
Հայտնաբերվեցին ու առգրավվեցին բջջային հեռախոսներ, նոթբուք, կրիչ, գրառումներով նոթատետր, էլեկտրական երկու կշեռք, 5 փամփուշտով լիցքավորված ատրճանակ և պոլիէթիլենային երեք տոպրակ՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով, որոնց ընդհանուրը քաշը կազմեց ավելի քան երկուսուկես կիլոգրամ։ Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածը հենց մարիխուանա է։ Նա ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է: