Apicius Armenia-ն հյուրընկալության ոլորտում կրթական նոր որակ է խոստանում
Աջակցիր «Ա1+»-ինՄոտ մեկ շաբաթ է` Դիլիջանի միջազգային հյուրընկալության դպրոցում`Apicius Armenia-ում, ուսումնական գործընթացը սկսվել է։
Երեւանում կայացած շնորհանդեսը տարածաշրջանում հյուրընկալության և սննդի գերազանցության կրթության նոր կենտրոնի բացման փաստի հերթական արձանագրումն էր։
Այն Ֆլորենցիա քաղաքի Apicius International School of Hospitality-ի մասնաճյուղն է և առաջարկում է նույն կրթական ծրագրերը, ինչ Իտալիայում։ Ուսանողները հնարավորություն ունեն երկրորդ տարին սովորել Ֆլորենցիայում:
Green Rock Foundation-ի ղեկավար Կատյա Բրեդիխինան նշեց, որ առաջին ուսումնական տարին դպրոցը սկսում է 25 ուսանողով․ «Առաջին տարին որոշեցինք ունենալ ընդհանուր 25 տեղ, որպեսզի տեսնենք, թե ինչպես ծրագիրը կզարգանա։ Հաջորդ տարի արդեն ակնկալում ենք 50 ուսանող ունենալ»:
Բրեդիխինան ընդգծեց նաև դպրոցի տեղակայման ընտրությունը․ «Դիլիջանը անհավանական գեղեցիկ վայր է։ Այստեղ արդեն կան կրթական կենտրոններ, և քաղաքը զբոսաշրջային ուղղություն է դառնում։ Մենք ուզում ենք զարգացնել նաև հյուրընկալության կրթությունը»։
Ուսումը վճարովի է,բայց կա կրթաթոշակի հնարավորություն։ «Եթե մարդ ցանկանում է աշխատել հյուրընկալության ոլորտում, մենք պատրաստ ենք տրամադրել ֆինանսական աջակցություն, որպեսզի նա ստանա նոր մասնագիտություն և նոր երազանք», -նշեց Բրեդիխինան։
Նրա խոսքով՝ դպրոցն ուղղված է ոչ միայն կրթական ծրագրերի իրականացմանը, այլև Դիլիջանի ու ողջ տարածաշրջանի զարգացմանը։ Ի դեպ, նախագծի հեղինակները վստահեցնում են,որ իրենց շրջանավարտները առանց աշխատանք չեն մնա։