Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայ ազգը ձև ունի, մնում է բոլորին ցույց տալ մեր ձևը․ Նարեկ Կարապետյանն ազդարարեց նոր շարժման մեկնարկը (տեսանյութ)

 Գործարար Սամվել Կարապետյանի հիմնադրած «Մեր ձևով» ժողովրդական շարժման մեկնարկը տրվեց Կարապետյանի՝ օգոստոսի 13-ին հղած ուղերձի ընթերցմամբ, որում գործարարը նշել էր «Մեր ձևով» շարժման նպատակները։
 
Այնուհետև շարժման մասին խոսեց «Մեր ձևով» շարժման համակարգող-ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Նա նշեց, որ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում հասել ենք մի կետի, երբ մեր ժողովրդի սպասելիքները չեն բավարարվում։
 
«Առկա հասարակական և քաղաքական խմբերը, կենտրոնանալով միմյանց հանդեպ ատելություն քարոզելու վրա, ժողովրդի մեջ հակասություններ են սերմանում։ Կարևոր դեր ունի իշխանության գործելաոճը։ Մարդիկ չտրանսֆորմացվեցին ընդդիմադիր՝ դեղին մամուլի խմբագրից՝ պետական, միավորող գործչի։ 
 
Ընդդիմության ատելությունն էլ, որ առաջացել է անարդարություններից, խանգարում է իրավիճակին նայել սառը և ոչ էմոցիոնալ։ Տարիներ առաջ իշխանության եկած խումբը մեզ կոչում էր հպարտ քաղաքացիներ, մենք էլ ուրախանում էինք, այսօր նրանք մեզ ուրիշ բան են համոզում, ասում են, որ մեր ազգը պետք է զիջի ու համակերպվի, որ մեր ազգը ձև չունի»։
 
Կարապետյանը վստահեցրեց՝ հայ ազգը ձև ունի, մնում է բոլորին ցույց տալ մեր ձևը։ 
 
«Այսօր մենք՝ բարերար Սամվել Կարապետյանի աջակիցներս ու համախոհներս, ազդարարում ենք «Մեր ձևով» կամավորական շարժման հիմնադրման մասին։ Կամավորական շարժումն այն ձեւաչափն է, որը թույլ կտա առանց բաժանելու մեր հասարակությանը՝ մարդկանց համախմբել լավ, մեծ  ու բարի գործեր անելու։ Շարժումը ապաքաղաքական մարդկանց միավորում է, ովքեր պատրաստ են անձնուրաց ծառայել հանրօգուտ նպատակի»։
 
Կարապետյանը վստահեցրեց՝ սա իրենց կատարելիք աշխատանքի առաջին փուլն է։ Նա հիշեցրեց՝ Հայաստանում առաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում․
 
«Դրանց մասնակցելու ամենահարմար ձեւը կուսակցական ձեւն է ։ Մեր գործունեության երկրորդ փուլում պատրաստվում ենք ստեղծվելիք կուսակցության միջոցով մեր նպատակները վերածել ծրագրերի»,- ասաց նա։