ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀԷՑ-ի շուրջ իրավիճակը․ Դավիթ Ղազինյանի գնահատականները
ՀԷՑ-ի փրկությունը և Սամվել Կարապետյանի դերը
ՀԷՑ-ի նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում ընդգծեց, որ առանց նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և գործարար Սամվել Կարապետյանի միջամտության, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վաղուց կարող էր սնանկանալ։
«ՀԷՑ-ի կործանումը աղետ կլիներ երկրի տնտեսության համար։ Սամվել Կարապետյանը, լավ հասկանալով իր վրա վերցվող բեռը, համաձայնեց ընկերությունը փրկել։ Այդ փրկության համար ներդրվել է մոտ 650-700 միլիարդ դրամ», — նշեց Ղազինյանը։
Նրա խոսքով՝ անձամբ ականատես լինելով այն ժամանակվա ներքին իրավիճակին, կարող է հաստատել, որ ընկերությունը կանգնած էր կոլապսի առաջ։
Ազգայնացման մասին խոսակցությունների շուրջ
Ղազինյանը հերքեց կառավարության կողմից ՀԷՑ-ի ազգայնացման մտադրությունների մասին հայտարարությունները։
Նրա համոզմամբ՝ իրականում քննարկվում է սեփականատիրոջն փոխհատուցում տրամադրելու հարցը․ «Մենք նույնիսկ ազգայնացման մասին օրենք չունենք։ Այն երկրները, որոնք ընդունել են նման օրենքներ, բախվել են ներդրումների հետ կապված լուրջ խնդիրների։ Ազգայնացման մասին խոսակցությունները պարզապես քաղաքական քայլ են՝ հանրության առաջ իրավիճակը ներկայացնելու այլ լույսի ներքո»։
Նա նաև կասկած հայտնեց ընկերությունը ղեկավարելու ներկայիս ղեկավարության կարողությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ առանց բավարար ստուգման գործընթացների 14 ընկերությունների ներգրավումը վտանգավոր է։
Քաղաքական ազդեցության մասին մտահոգություններ
Ըստ Ղազինյանի՝ ներկայիս գործընթացները պայմանավորված են քաղաքական քմահաճույքներով, ինչի հետևանքով պետությունը գնում է հսկայական ծախսերի։
Նա համոզմունք հայտնեց, որ հետագա իշխանափոխությունից հետո կարող են հարուցվել մեծածավալ քրեական գործեր՝ պարզելու, թե ով ում է զանգահարել և ցուցումներ տվել։
Նա պատմեց նաև ընկերության աշխատակիցների համար ստեղծված լարված մթնոլորտի մասին․ «Մարդիկ վախենում են նույնիսկ հեռախոսով խոսել։ Աշխատակիցներին հարցնում են իրենց քաղաքական հայացքների մասին, իսկ անհամաձայնություն հայտնողներին ուղղակի ցույց են տալիս դռան տեղը»։
Կառավարության դերը և Արբիտրաժի որոշման շուրջ խնդիրները
Ղազինյանը քննադատեց կառավարության դիրքորոշումը՝ նշելով, որ գործադիր մարմինը փաստացի «մի կողմ է քաշվել» և ողջ պատասխանատվությունը թողել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ)։
Նրա խոսքով՝ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումից հետո ՀԷՑ-ի ղեկավարությունը դիմել է ՀԾԿՀ-ին, սակայն հանձնաժողովը հարցը փոխանցել է կառավարությանը։ «Կառավարությունը փորձում է ցույց տալ, թե իբր հանձնաժողովը անկախ մարմին է։ Իրականում, բոլորը հասկանում են՝ ՀԾԿՀ-ն անկախ չէ, գոնե իր ղեկավարի առումով», — ասաց Ղազինյանը։
Նա ընդգծեց, որ պետությունը արդեն ստիպված է եղել 3,2 մլն դոլար հատկացնել իրավաբանական օգնության համար, մինչդեռ կառավարությունն ունի սեփական իրավաբանական բաժին։
Ըստ Ղազինյանի՝ ստեղծված իրավիճակում ՀԾԿՀ-ն պետք է դադարեցնի ժամանակավոր կառավարչի լիազորությունները, քանի որ վերջինս գործում է առանց սահմանված լիազորությունների շրջանակը հաշվի առնելու։
Հնարավոր հետևանքները
Ղազինյանը զգուշացրեց, որ եթե Հայաստանը չկատարի Արբիտրաժի որոշումը, դա լուրջ ազդեցություն կունենա երկրի վարկանիշի և վարկերի վրա։ Նա հիշեցրեց նաև, որ Արբիտրաժ է դիմել նաև Կիպրոսի ընկերություն, որի հետ ՀԷՑ-ը համագործակցում է։
Ամփոփելով՝ Ղազինյանը վստահեցրեց, որ ներկայիս իրավիճակում ոչ թե լուծումներ են առաջարկվում, այլ արհեստական կերպով ժամանակ է ձգձգվում՝ ստեղծելով թանկարժեք և վտանգավոր գործընթացներ թե՛ տնտեսության, թե՛ ներդրումների համար։