12-րդ հանրային քննարկման փորձը Քարաբերդում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ 2025թ․ օգոստոսի 13-ին, Քարաբերդում «Գով գուժ» ՍՊԸ-ի նախաձեռնած հանրային լսումը մեկնարկեց լարված մթնոլորտում, բուռն բանավեճով։ Բնապահպան ակտիվիստները Քարաբերդում հանք շահագործելու հավակնություն ունեցող ընկերության ներկայացուցիչներին տարբեր հարցադրումներ արին։
«Ձեր միակ նպատակը ձեր գրպանները լցնելն ու հեռանալն է՝ բնակիչներին թողնելով բնապահպանական խնդիրներով»,-ասաց բնապահպան ակտիվիստ Անի Խաչատրյանը։
«Եթե միայն այս տարի համայնքը 3 անգամ դեմ է արտահայտվել նոր հանքերի շահագործմանը, ինչքա՞ն կարելի է նույն հարցով գալ համայնք, դա տեղական ժողովրդավարության կոպիտ խախտում է»,-հավելում է իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը։
«Ձեր ընտրությունը պիտի լինի բնությունը պահպանելով արժանապատիվ ապրելը, ոչ թե ընտրել՝ սոված մնալ, թե՞ ավիրել բնությունը։ Սա կեղծ նարատիվ է»,-ասում է ռազմավարական հաղորդակցության փորձագետ Հայկ Աբրահամյանը։
Նշենք, որ սա Լոռու մարզի Փամբակ համայնքի Քարաբերդ գյուղում «Զով-Գուժ» ՍՊԸ-ի նախաձեռնած հանրային լսում իրականացնելու երկրորդ փորձն է։ Նախորդը 2025 թվականի հուլիսի 9-ին էր, որի ժամանակ Քարաբերդի բնակիչները դեմ արտահայտվեցին հանքարդյունաբերական գործունեությանը։ Առաջացած լարվածության պատճառով համայնքի ղեկավարը չեղարկեց լսումները։
«Զով-Գուժ» ՍՊԸ-ն օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ցանկանում է ուսումնասիրել Քարաբերդի ոսկու հանքավայրի արևմտյան և արևելյան տեղամասերը։
Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանն ասաց՝ լսեց բոլոր կողմերին, առաջիկայում ավագանին որոշում կկայացնի «Զով-Գուժ»-ին Քարաբերդի նոր տարածքներում ոսկի փնտրելուն համաձայնություն կամ անհամաձայնություն տալու վերաբերյալ։
Հանրային լսմանը մասնակցող բնապահպան-ակտիվիստները այն կարծիքին են, որ հանրային լսումը ապօրինի է, քանի որ սպառիչ պատասխաններ չեն տրվել ներկաների հարցերին։ Այս մասին հանրային լսումին հաջորդող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։
«Համայնքի ղեկավարը պետք է շահագրգիռ լինի լսել բոլոր կարծիքները, եթե նույնիս դրանք 10 հազար են, այսինքն, եթե նա շահագրգիռ չէ լսելու բոլոր կարծքիները, դա ձևական հանրային լսում է»-հավելում է Լևոն Բարսեղյանը։ Բանախոսի խոսքով՝ այս իրավիճակի գլխավոր պատասխանատուն դառնում է Փամբակի ավագանին։
«Հանքի շահագործման արդյունքում վնասը կրելու է ոչ միայն Քարաբերդը, այլև Վանաձորն ու Գուգարքը։ Ընդամենը ուղիղ գծով 1,5 կմ հեռավորության վրա գտնվող Վանաձորը և Գուգարքը ևս պետք է համարվեին ազդակիր բնակավայրեր»,-ասում է «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանը։
ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հանրային լսումը չեղյալ է համարում, քանի որ համայնքի ղեկավարը կամայական է ընդհատեց այն։
«Այս տարածքների համար 3 ընկերություն է պայքարում, որից մեկը այստեղ հանք է շահագործում։ Յուրաքանչյուր խումբ ունի իր կողմակիցները և փորձում են ճնշել համայնքի բնակիչներին։ Հանքաարդյունահանող ընկերությունները եթե 3 անգամ նույն թեմայով լսում են նախաձեռնում, նշանակում է չեն հարգում տեղական ժողովրդավարությունը, թքած ունեն տեղական ժողովրդավարության վրա»,- եզրափակում է իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը։