Մովսեսյանին հարկավոր է ոչ-ոքի խաղալ
Հայաստանի գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը այսօր երկրորդ պարտիան կանցկացնի Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում։ Նա սեւերով կմրցի կանանց շախմատի աշխարհի չեմպիոն, չինուհի Հու Յիֆանի հետ։ Երկրորդ փուլ մտնելու համար մեր շախմատիստին հարկավոր է ոչ-ոքի խաղալ, քանի որ խաղարկությունը անցկացվում է նոկաուտ մրցակարգով, իսկ առաջին պարտիայում նա հաղթանակ է տարել։
Իսկ ահա մեր մյուս մասնակիցը՝ գրոսմայստեր Արման Փաշիկյանը, պետք է ձգտի վերականգնել հավասարակշռությունը, քանի որ առաջին պարտիայում սեւերով զիջել է լեհ շախմատիստ Ռադոսլավ Վոյտաշեկին։
Հավելենք, որ աշխարհի գավաթի խաղարկությանը պետք է մասնակցեր նաեւ Վլադիմիր Հակոբյանը, սակայն նա վերջերս ոտքի կոտրվածք է ստացել, ինչի պատճառով ստիպված է բաց թողնել մրցաշարը։ Նրա մրցակցին, հնդիկ գրոսմայստեր Պարիմարջան Նագիին, տեխնիկական հաղթանակներ են շնորհվել։