Մեկնարկել են Համահայկական խաղերը
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունեցել Համահայկական 5-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ողջունելով 5-րդ համահայկական խաղերի մասնակիցներին և մեր բոլոր հայրենակիցներին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Համահայկական խաղերի անցկացումը մեր ժողովրդի համար վերածվել է իսկական տոնախմբության, քանզի Համահայկական խաղերը մեզ սովորեցնում են միասին տոնել հաղթանակներ: Առաջիկա օրերին ողջ հայությունն ուշադրությամբ հետևելու է ձեր մրցելույթներին ու ձեր հաջողություններով ուրախանալու են բոլորը: Այս առումով, Համահայկական խաղերն այն եզակի մրցաշարերից են, որտեղ չկան պարտվողներ ու հետնապահներ, քանի որ այս խաղերը մեր միասնության իրական ապացույցն ու դրսևորումն են»:
Ըստ վարչապետի` խորհրդանշական է, որ Համահայկական խաղերն անցկացվում են Հայաստանի և Արցախի անկախության 20-րդ տարեդարձի նախաշեմին՝ մայր Հայրենիքում մեկտեղելով մեր ժողովրդի հազարավոր զավակների:
Համահայկական խաղերին մասնակցում են 30 երկրների 125 քաղաքների շուրջ 3200 մարզիկներ: Վերջիներս կմասնակցեն 10 մարզաձեւերի՝ ֆուտբոլ, բասկետբոլ, շախմատ, ֆուտզալ, վոլեյբոլ, լող, աթլետիկա, բադմինտոն, թենիս, սեղանի թենիս, մրցումներին: Խաղերը կանցկացվեն Երեւանում, Աբովյանում և Արտաշատում մինչև օգոստոսի 21-ը: